
Թրամփն արգելեց բյուջետային փողերը ծախսել բարձրաստիճան պաշտոնյաների դիմանկարների վրա

ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օրենք է ստորագրել, որը նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին եւ օրենսդիրներին արգելում է պատվիրել իրենց դիմանկարները՝ դրանց համար վճարելով բյուջետային միջոցներից: Ընդ որում՝ այդ կանոնը վերաբերում է նաեւ հենց պետության ղեկավարին ու փոխնախագահին։
Դրա ժամանակավոր արգելքը սահմանվել էր դեռ 2014 թվականին, բայց միայն այժմ է Թրամփն այն մշտական դարձրել՝ հավանություն տալով համապատասխան նախաձեռնությանը, որով հանդես է եկել Լուիզիանայի նահանգից հանրապետական-սենատոր Բիլ Քեսիդին: Տեքստի համաձայն, եթե այժմ բարձրաստիճան պաշտոնյան կամ Կոնգրեսի անդամը ցանկանա պատվիրել իր դիմանկարը, ապա դա պետք է անի կամ մասնավոր հովանավորների հաշվին, կամ նկարչի աշխատանքի դիմաց վճարի իր գրպանից:
Սովորաբար դիմանկարները հարկատուների վրա նստում էին 20-ից մինչեւ 40 հազար դոլար: Ինչպես հայտնել է The Washington Times թերթը, ընդամենը 2011 թվականին նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նման դիմանկարների համար վճարել է 180 հազար դոլար: Իսկ Politico թերթի տվյալներով՝ 2010 թվականից մինչեւ 2013 թվականն այդ գումարը գերազանցել է 400 հազարը: Ընդ որում՝ դիմանկարները գտնվում էին այնպիսի տեղերում, որոնք հասարակ քաղաքացիների համար անհասանելի էին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: