Աս-Սիսին Եգիպտոսի նախագահի ընտրություններում ստացել է ձայների ավելի քան 90 տոկոսը
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, նախնական տվյալների համաձայն, մարտի 28-ին ավարտված ընտրությունների արդյունքներով ստանում է ընտրողների ձայների գրեթե 92 տոկոսը: Այդ մասին հայտնել է BBC-ն:
Ինչպես ճշտում է «Ալ Ահրամ» թերթը, Եգիպտոսի՝ մեծությամբ երկրորդ Ալեքսանդրիա քաղաքում աս-Սիսին ստացել է ձայների 88 տոկոսը, մասնակցությունը կազմել է 38 տոկոս: Դաքահլիա նահանգում գործող նախագահն ստանում է ձայների 85 տոկոսը: Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախագահն ստացել է 21,5 մլն ձայն այն դեպքում, երբ նրա մրցակիցը՝ «Ալ-Գեդ» («Վաղը») կուսակցության առաջնորդ Մուսա Մուստաֆա Մուսան, հավաքել է մոտավորապես 721 հազար ձայն:
Ընդհանուր առմամբ Եգիպտոսում ընտրական իրավունք ունի շուրջ 60 մլն մարդ. ԶԼՄ-ների տվյալներով, ընտրություններին մասնակցել է մոտավորապես 23 միլիոն մարդ: Երկրում քվեարկությունն անցկացվել է երեք օր՝ մարտի 26-ից մինչեւ 28-ը:
Սրանք Եգիպտոսում թվով երրորդ նախագահական ընտրություններն են 2011 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի հետեւանքով Հոսնի Մուբարաքը, որը երկիրը կառավարում էր 1981 թվականից, զրկվեց իշխանությունից: Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների 51 տոկոսը: Քվեարկության վերջնական արդյունքները, ինչպես սպասվում է, կհայտարարվեն ապրիլի 2-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: