Արմեն Մարտիրոսյանը Սեյրան Օհանյանի հետ դեռ չի հանդիպել
«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է՝ ավելի ճիշտ կլինի մի փոքր դադար տալ և տեսնել՝ որ ուղղությամբ են ընթանում զարգացումները: 168.am-ի հետ զրույցում, խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ծավալվող շարժման մասին, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ կան տարբեր նախաձեռնություններ, և անհրաժեշտություն կա տեսնելու, թե այդ նախաձեռնությունները վերջում ինչ են դառնում:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ միավորվո՞ւմ են, թե՞ ոչ, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Այո, տեսնենք՝ միավորում կլինի, չի լինի, ինչ ընթացքով կլինի»:
Նա նշեց, որ այս պահին որոշակի քննարկումներ կան տարբեր ուժերի և գործիչների հետ, որպեսզի միավորվեն:
Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ընթացող բանակցությունների մասին՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ ինքը բանակցություններին չի մասնակցում և չի կարող ասել՝ ինչ ընթացքում են դրանք:
«Սեյրան Օհանյանի հանգամանքը մի փոքր այլ է: Ցանկացած պարագայում ես իր հետ դեռ չեմ հանդիպել, և թե հետագան ի՞նչ կլինի, ցույց կտան զարգացումները»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Ճակատի համակարգող խմբի մեկ այլ անդամ՝ Պետրոս Մակեյանն էլ ասաց, որ ինքն է բանակցում «Քաղաքացիական պայմանագրի» և մյուսների հետ: Նա նշեց, որ խնդիրը ոչ թե միավորվելն է, այլ համագործակցելը.
«Բանակցում ենք բոլոր հնարավոր պոտենցիալ կողմերի հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանենց հետ: Ըստ անհրաժեշտության՝ մենք կոնտակտի ենք դուրս գալիս: Այսօր էլ քաղաքական և քաղաքացիական հնարավոր գործընկերների հետ 2-րդ հանդիպումն ենք ունենալու»: