
«Պետք է այնպիսի մեխանիզմ դնենք, որ բիզնեսի համար որևիցե խոչընդոտ չստեղծի». Կարեն Կարապետյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթում.
«Մասնավորապես, առաջարկվում է մեկ ստուգաթերթ նոր խմբագրությամբ հաստատել, այն վերաբերում է մետաղական, օգտակար հանածոների արդյունահանմանը, ներառյալ՝ այսօր ձեր կողմից հնչեցրած հանձնարարականի կատարելուն նպաստելու տեսանկյունից: Եվ երկրորդ՝ ավելացնել ստւգաթերթերը ևս մեկ ուղղությամբ, այն է՝ արդյունաբերություն, որն իր մեջ ներառելու է հիմնականում արտադրության և շինարարության ոլորտը»։
Հարցի վերաբերյալ արձագանքեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը. «Պարոն Մինասյան, ինչ եմ խնդրում՝ մենք երևի ունենք շատ անելիքներ այստեղ, բայց պետք է այնպիսի մեխանիզմ դնենք, որ բիզնեսի համար որևիցե խոչընդոտ չստեղծի, եթե բիզնեսը նորմալ աշխատում է, լրացուցիչ լծակ՝ ադմինիստրատիվ, չտանք, գան, քաշքշեն, բզբզեն, և այլն»:
Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ հենց այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է նախագիծը: