
«Ռոստեխ»-ը ռազմական արտադրանքի 200-ից ավելի նմուշներ կներկայացնի ArmHiTec 2018 ցուցահանդեսում

«Ռոստեխ» պետական կորպորացիայի հոլդինգներն ու ձեռնարկությունները ռուսական զենքի 200-ից ավելի նմուշներ կներկայացնեն ArmHiTec 2018 ցուցահանդեսում, որը մարտի 29-ից մինչեւ 31-ը տեղի է ունենում Երեւանում:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մարտի 29-ին հայտնել է «Ռոստեխ»-ի պատվիրակության ղեկավար, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մարկետինգային գործունեության դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը:
«Այս տարի «Ռոստեխ»-ի ձեռնարկություններն ընդհանուր առմամբ կներկայացնեն ռազմական նշանակության արտադրանքի 200-ից ավելի նմուշներ, այդ թվում՝ զինամթերքի 100-ից ավելի տեսակներ, ցամաքային զորքերի համար նախատեսված մարտական մեքենաներ, ավիացիոն եւ ուղղաթիռային տեխնիկա, կապի միջոցներ եւ անվտանգության ապահովման համալիրներ, ինչպես նաեւ զորքերի տակտիկական օղակի կառավարման ժամանակակից համակարգեր»,-ասել է Գոնչարովը: ArmHiTec 2018-ում միասնական ռուսական ցուցադրանքի կազմակերպիչը «ՌոսօբորոնԷքսպորտ»-ն է, որը մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ: