Արգենտինայում 68 դելֆին է ափ նետվել
Արգենտինայում միանգամից 68 դելֆին է լողափ նետվել Պուերտո-Մադրին նավահանգստի շրջանում, որը գտնվում է երկրի Չուբուտի նահանգի հյուսիսարեւելյան մասում: Պատահարի վայր ժամանած Պատագոնիայի ազգային կենտրոնի (CENPAT) աշխատակիցներին հաջողվել է փրկել եւ ծով բաց թողնել ընդամենը 19 կաթնասունների:
Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով EFE գործակալությանը: «Ափ են նետվել ամազոնյան դելֆիններ (Inia geoffrensis), որոնք համարվում են ամենախոշոր գետային դելֆինները»,-հայտնել են CENPAT-ի ներկայացուցիչները:
Նրանք տարակուսանք են հայտնել այն բանի առթիվ, որ միանգամից այդքան շատ դելֆիններ են հայտնվել լողափին շատ մոտ, ինչի պատճառով ալիքի հետ ափ են նետվել: Սովորաբար ամազոնյան դելֆինների հետ նման դեպքեր խիստ հազվադեպ են պատահում, եւ գործնականում նրանք զանգվածաբար չեն սատկել նման պատահարների հետեւանքով: CENPAT-ի աշխատակիցները լողափից հեռացրել են սատկած կաթնասունների մարմինները եւ հետաքննություն սկսել, որպեսզի պարզեն պատահածի պատճառները: