«Հայերին քիչ-քիչ դուրս կհանեն հայկական թատրոնից, ու մի գեղեցիկ օր այդ թատրոնը կդառնա պարզապես վրացական թատրոն». Նիկոլայ Ծատուրյան
Թատրոնի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնին ու այդ թատրոնի խնդիրներին.
«Վերջերս ես գնացել էի Թիֆլիս, որտեղ սկսել են վերանորոգել մեր հայկական թատրոնի շենքը: Բավական լավ նախագիծ է, որը երբ տեսա, ասացի՝ այս ինչ շքեղ բան եք անում, բայց երբ խոսեցի ռեժիսորի հետ, ասաց՝ Կոլյա ջան, դու չես պատկերացնի՝ ինչ վտանգավոր բան կա սրանում: Վրաստանում մեծ թվով թատրոններ կան, որ բողոքում են շենք չունենալու պատճառով, իսկ մենք այստեղ հայկական թատրոնի շենքն ենք վերակառուցում, և այն էլ՝ այսքան շքեղ պայմաններում:
Այս մարդն ինձ ասում է՝ ներկայացումներ ես կանեմ, բայց ժողովուրդն այնքան քիչ է մնացել, որ վախենում եմ մտածեմ, թե ինչ կլինի: Իսկ ես սկսեցի հասկանալ, թե ինչ տեղի կունենա՝ վրացական փողերով հայկական թատրոնը կվերակառուցեն, մի երկու հայկական ներկայացում կդնեն, սկզբի մի քանի ամիսների ընթացքում ժողովուրդը կգա, որովհետև նոր շենք է, կնայեն, կհետաքրքրվեն, հետո հայ հանդիսատեսի հոսքը կպակասի, որովհետև իրականում հայ հանդիսատեսն այնտեղ շատ քիչ է:
Սա կարող է վրացական կողմի համար որոշակի առիթ հանդիսանա, որպեսզի իրենք նախաձեռնեն՝ Պետրոս Ադամյանի թատրոնում աստիճանաբար վրացական ներկայացումներ ևս բեմադրվեն, և այս ամենը կավարտվի նրանով, որ քիչ-քիչ հայերին դուրս կհանեն հայկական թատրոնից, ու մի գեղեցիկ օր այդ թատրոնը կդառնա պարզապես վրացական թատրոն»:
Նիկոլայ Ծատուրյանը ՀՀ կառավարությանը կոչ է անում հոգածություն ցուցաբերել այսօրինակ հարցերի նկատմամբ և առաջարկում է քայլեր ձեռնարկել.
«Այ, եթե մեր կառավարությունն այդպիսի հարցերով մտահոգվի և տեղյակ լինի, թե ինչ է կատարվում մեր մշակութային կյանքի ներսում, արդեն ինչ-որ քայլեր կձեռնարկի: Ախր ինչ առաջարկում ենք, նորից փողին է գալիս հանգում, և այս դեպքում բոլորը միաբերան բողոքում են, որ փող չկա, բայց կարելի է, չէ՞, Լոռիից, Տավուշից, Գյումրրից, նկատի ունեմ՝ Հայաստանի հյուսիսային մասից, շաբաթական գոնե մեկ-երկու ավտոբուսով հանդիսատեսին ուղեկցեն Թբիլիսի՝ հայկական թատրոնում ներկայացում նայելու, որ հանկարծ չպատահի այն, ինչ ասացի»: