Բաժիններ՝

Խաղալիք գնելիս ստուգել ուղեկցող փաստաթղթի գոյությունը. զգոն եղեք

Հայաստանում խաղալիքների շուկայում վերահսկողական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ` կապված սերտիֆիկատների, հայերեն լեզվի մակնշման բացակայության կամ թերի մակնշման հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը: Նրա խոսքով` հինգ տարի առաջ է այս շուկայում հայտնաբերվել վտանգավոր խաղալիքների խմբաքանակ, որը սահմանված կարգով ոչնչացվել է:

«Մի քանի դեպք, երբ մենք հայտնաբերել էինք վտանգավոր ապրանքներ, եղել է մոտ 5 տարի առաջ: 2012 կամ 2013 թվականն էր, մեր կողմից հայտնաբերվել են խաղալիքներ, փորձանմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները եղել են բացասական, խաղալիքը երեխաների համար անցանկալի է եղել:

Ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, փառք Աստծո շուտ էինք հայտնաբերել, վաճառված խմբաքանակ չունեինք: 2017-ին տեսչական մարմինը, բարեբախտաբար, վտանգավոր ապրանք չի հայտնաբերել: Եղել են բավականաչափ տնտեսվարողներ, որոնք վաճառում էին ապրանքն առանց սերտիֆիկատի ու առանց հայերեն մակնշման»,-ասաց Խալիկյանը:

Նրա խոսքով` իրենք մշտապես իրականացնում են իրազեկման միջոցառումներ, որոնց առանցքում հորդորն է սպառողներին, որպեսզի խաղալիք գնելիս վաճառողներից պահանջեն ուղեկցող փաստաթղթեր:

«Շատ հեշտ բան է, եթե սերտիֆիկատը բացակայում է, չեք գնում տվյալ ապրանքը և ձեր երեխային հեռու եք պահում ալերգիկ ֆոնից, հիվանդություններից»,-նշեց Լևոն Խալիկյանը:

2017-ին տեսչության կողմից իրականացվել է 197 ստուգում, միջինում տնտեսավարողների 81.7 տոկոսի մոտ հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ: Խաղալիքների ոլորտում խախտումներ հայտնաբերվել են ստուգված տնտեսավարողներից 83 տոկոսի մոտ:

Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգի համաձայն` խաղալիքի վրա արտադրողի կողմից պետք է նշված լինի իր կողմից արտադրված խաղալիքի տեսակը, խմբաքանակը, սերիական կամ մոդելի համարը կամ այլ տարրեր, որոնք խաղալիքի նույնականացման հնարավորություն են տալիս: Այն դեպքում, երբ խաղալիքի չափը կամ բնույթը դա թույլ չի տալիս, ապա պահանջվող տեղեկատվությունը պետք է տրված լինի խաղալիքի փաթեթվածքի վրա կամ դրան ուղեկցող փաստաթղթերում:

Խաղալիքի վրա կամ, եթե դա հնարավոր չէ, դրա փաթեթվածքի կամ դրան ուղեկցող փաստաթղթի վրա պարտադիր պետք է նշված լինի արտադրողի անունը, գրանցված ֆիրմային անվանումը կամ ապրանքային նշանը և միայն մեկ հասցե, որով խաղալիքի հետ կապված հարցերով կարելի է արտադրողի հետ կապ հաստատել:
Խաղալիքը պետք է ուղեկցվի արտադրողի կողմից հայերենով գրված հրահանգներով և անվտանգության տեղեկատվությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս