Էրդողանն անձամբ է հրահանգել Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ Բեռլինում ցույցեր կազմակերպել. Der Spiegel-ի բացահայտումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: Ahval գործակալությունը, այս մասին է գրում է գերմանական Der Spiegel-ը:
Գերմանիայի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը հունիսի 1-ին (Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) զանգահարում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքին, ով այդ ժամանակ Բեռլինում էր և զբաղվում էր բողոքի ցույցերի կազմակերպմամբ:
Der Spiegel-ը հրապարակել է Հեսսեն երկրամասի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցներից մեկի սղագրությունը, որը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանն անձամբ էր ղեկավարում բողոքի ակցիաները:
Հեսսենի ոստիկանությունը լսում է, թե ինչպես է 2016 թվականի հունիսի 1-ին՝ 23:30-ին կապի մեջ մտնում Էրդողանը՝ խոսելով Քյուլունքի հետ: «Ինչպե՞ս եք, պարոն նախագահ»,- հարցնում է նրան պատգամավորը: Այնուհետև զեկուցում է Բեռլինում քննարկվող բանաձևի դեմ բողոքի ակցիաների մասին՝ հավելելով. «Սպասում եմ ձեր հրահանգներին»:
Ի պատասխան Էրդողանն ասում է, որ կկապվի Քյուլունքի հետ և բարի գիշեր է մաղթում նրան:
Գերմանական պարբերականը նշում է, որ հեռախոսազրույցի բովանդակությունը ապշեցրել է Հեսսենի ոստիկանությանը, որոնք արձանագրել են, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Անկարան Հայոց ցեղասպանության բանաձևին և դրա ընդունման դեմ Բեռլինում կազմակերպվելիք ցույցերին, որ դրանցով հետաքրքրվում է անձամբ երկրի նախագահը:
Der Spiegel-ը հայտնում է, որ ներկայում հետաքննություն է իրականացվում՝ պարզելու Քյուլունքի կապը Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ այն բանից հետո, ինչ 2017 թվականին տեղեկություններ էին հայտնվել, որ պատգամավորը գումարներ է տրամադրում թուրք-գերմանական ազգայնական Osmanen Germania խմբավորմանը: Համաձայն տեղեկատվության՝ գումարներն օգտագործվել են քրդական խմբերի դեմ զինամթերք գնելու համար:
Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:
Բեռլինում բանաձևի ընդունումից հետո շուրջ 1000 թուրքեր բողոքի ցույց էին կազմակերպել: