
«Քանի որ Ասյա Խաչատրյանը ՀՀ քաղաքացի է՝ Հայաստանի ՄԻՊ-ը նրա վերաբերյալ հարցով մշտական կապի մեջ է Արցախի իր գործընկերոջ հետ». Նունե Հովսեփյան

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը՝ խոսելով ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի բարձրաձայնած պատմության մասին:
Հիշեցնենք, որ epress.am կայքի փոխանցմամբ, ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պնդում է, որ ԼՂՀ ոստիկանների կողմից գործողություններն իր նկատմամբ իրավաչափ չեն եղել:
«Հաշվի առնելով, որ Ասյա Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը նրա վերաբերյալ հարցով մշտական կապի մեջ է Արցախի իր գործընկերոջ հետ: Կարևոր ենք համարում Ռուբեն Մելիքյանի կողմից քննարկման ընթացակարգի նախաձեռնումը և ուշադրությամբ հետևում ենք գործընթացին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին այս հարցի առնչությամբ որևէ բողոք կամ դիմում չի հասցեագրվել»,- նշեց մեր զրուցակիցը: