«Եթե սա է բանակցությունների բուն իմաստը, ես որևէ խնդիր չեմ տեսնում». Թևան Պողոսյանը՝ Հայաստանում ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու մասին

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ ռուսական Ռազմական ոստիկանության ստորաբաժանում Հայաստանում հիմնելն այն նկատառումով է, որ ինչ-որ խնդիր եթե լինի իրենց քաղաքացիների հետ, իրենց օրենքներով կարողանան գործողություններ անել, ապա դա նորմալ է. «Այստեղ կա ռազմաբազա, որտեղ եղել են հանցագործություններ, նույնիսկ հայ ընտանիքի են սպանել, դրա համար միջազգային պրակտիկայում ընդունված է, որ ներկայացուցչություն լինի, որը կզբաղվի այդ խնդիրներով։ Եթե սա է բուն իմաստը բանակցությունների, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում։ Բայց եթե այլ խնդիր է, որ բացի ամեն ինչից, մի նոր զորամաս են հիմնելու, այդտեղ արդեն հարցերն այլ են»։

Երեկ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ խնդրի վերաբերյալ ասել է, որ այս պահին հարցը քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով:

Թևան Պողոսյանը նկատեց՝ երբ քննարկումները կավարտվեն, կներկայացնեն, այդ ժամանակ գնահատականներ կկարողանա տալ. «Մենք գիտենք միջազգային պրակտիկան և գիտենք բացասական իմաստով՝ գլխներիս գալիքը։ Մեր սիրելի ՊՆ, խնդրում ենք բացատրել՝ երբ բանակցեք, ավարտեք, ինչ է լինելու, նոր ըստ դրա՝ արձագանքները ճիշտ ձևով կհնչեցնենք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս