«Այս պատմության մեջ հարցականները շատ են». Արմեն Աշոտյանը՝ Ասյա Խաչատրյանի պնդումների մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ Արցախի ՄԻՊ հաղորդագրությունը՝  գրելով.

«Այս պատմության մեջ հարցականները շատ են: ՄԻՊ-ի արձագանքը պրոֆեսիոնալ է, և ակնկալում եմ հետևողականություն այս հարցում: Բռնությունը մերժելի է ի սկզբանե: Թողենք այս հարցը պատկան մարմիններին: Բայց աններելի և անթույլատրելի է այս լրատվական ալիքի մեջ Արցախի նկատմամբ բացասական վերաբերմունքի և պառակտիչ գործողությունների աղբի նետումը»,-գրել է Աշոտյանը:

Խնդրի վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու ԱՀ ոստիկանության կողմից իր նկատմամբ գործողությունների մասին Ասյա Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները: «Մարտի 26-ին ժամը 20:20-ին epress.am լրատվականով հրապարակվել է «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերտառությամբ նյութ, որին կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները:

Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:

Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս