Հետաքննությունը հինգ մարդու ձերբակալում է պահանջել Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի գործով
Քննչական կոմիտեն դատարանին կխնդրի ձերբակալել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործի հինգ ֆիգուրանտների: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մոտ ժամանակներս նրանց կբերեն դատարան խափանման միջոցի ընտրման հարցի լուծման համար»,-ասված է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ: Դրանում ճշտվում է, որ քննիչները մտադիր են միջնորդել մեղադրյալների ձերբակալման մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, առեւտրի կենտրոնում հրդեհի գործով կալանքի տակ է վերցվել հինգ մարդ: Խոսքը վերաբերում է շենքի սեփականատեր ընկերության տեխնիկական տնօրենին, այն հարկաբաժնի վարձակալին, որտեղ, հավանաբար, եղել է բռնկման օջախը, հրշեջ ազդասարքի սպասարկմամբ զբաղվող կազմակերպության աշխատակցին ու ղեկավարին, ինչպես նաեւ այն պահապանին, որը չի միացրել տագնապի ազդանշանը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհը բռնկել է մարտի 25-ին: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է 64 մարդու զոհվելը: Հրդեհի զոհերի հարազատները տվյալներ են հավաքել եւս 85 անհետ կորածների մասին: