Բաժիններ՝

ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկով ամրագրված իրավադրույթի սահմանադրականության հարցը որոշելու համար:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը դիմողներ Քաջիկ Մանուկյանի և Սուսաննա Մանուկյանի բողոքի և դատապարտյալ Նաիրի Գևորգյանի վերաբերյալ գործերի վարույթները կասեցրել և դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:

«Միջնորդության մասին որոշման մեջ ասվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի` «այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածի պահանջներին (…) վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» ձևակերպման` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը` այնքանով, որքանով ձևական սխալների առկայության հիմքով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակում է անձի` արդար դատաքննության իրավունքը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը:

Ըստ նրա, հիշյալ անձանց վերաքննիչ բողոքները եղել են թերի (մի դեպքում բացակայել է բողոքաբերի ստորագրությունը, մյուս դեպքում բողոքաբերը չի ներկայացրել վստահորդի լիազորությունը): Գործող կարգավորումների համաձայն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մաս) թերություններ պարունակող վերաքննիչ բողոքները թողնվում են առանց քննության: Մինչդեռ, թերի վճռաբեկ բողոքները օրենքի ուժով վերադարձվում են բողոքաբերին ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար (սահմանելով ժամկետ մինչև մեկ ամիս տևողությամբ):

Քրեական պալատի նախագահը նշեց, որ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թերի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը սահմանափակում է անձի արդար դատաքննության իրավունքը, ուստի դիմել է ՀՀ սահմանադրական դատարան քննարկվող իրավադրույթի սահմանադրականության հարցը որոշելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս