Ճիշտ ուղին շարունակելու դեպքում Հայաստանը կկարողանա հասնել ԵՄ հետ վիզաների ազատականացմանը
Եվրամիությունը վիզաների ազատականացման հարցում վարում է «քայլ առ քայլ» քաղաքականություն: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը: Նա հիշեցրեց Բալկանյան երկրների, Ուկրաինայի օրինակը, որտեղ նույնպես դա կիրառվել է:
«Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում իրավական պետություն դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության հարցում, եւ, իհարկե, այդ ջանքերը պետք է շարունակվեն: Հայաստանը ճիշտ ուղու վրա է, եւ այսպես շարունակելու դեպքում օրը կգա, երբ վիզաները, ի վերջո, կազատականացվեն»,-ասաց նա:
Ժան Ասելբոռնն ընդգծեց, որ Լյուքսեմբուրգը մշտապես դրական մոտեցում է ունեցել՝ ի նպաստ այն մարդկանց, ովքեր ցանկանում են այցելել իրենց երկրները:
«Մենք որոշակի մտավախություն ունեցանք, կարելի է ասել, որոշ չափով արդարացված մտավախություն Բալկանյան երկրների առնչությամբ, երբ մարդիկ վիզայի միջոցով գալիս էին և պահանջում միջազգային պաշտպանություն: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում, եւ, կարծում եմ, նախարարը շատ լավ գիտի, որ այսպիսի հարցերը մեկ օրում չեն իրականացվում, իսկ ԵՄ-ն, անշուշտ, աջակցում է: Ես կոնկրետ ամսաթիվ չեմ կարող նշել, դա կախված է նաև Եվրահանձնաժողովից, հենց այն պետք է գտնի շահառու բոլոր երկրների համար համապատասխան լուծում: Դուք կարող եք հույս դնել Լյուքսեմբուրգի վրա, մենք ամեն ինչ կանենք այս հարցն առաջ մղելու համար»,- նշեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: