
Արցախի ՄԻՊ-ը կուսումնասիրի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին տեղեկությունը

Արցախի Հանրապետության (ԱՀ) մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու ԱՀ ոստիկանության կողմից իր նկատմամբ գործողությունների մասին Ասյա Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները: Այս մասին ասվում է Արցախի օմբուդսմենի գրասենյակի հայտարարության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
«Մարտի 26-ին ժամը 20:20-ին epress.am լրատվականով հրապարակվել է «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերտառությամբ նյութ, որին կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները:
Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:
Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը տեսանյութում և լրատվական նյութում ներկայացված է ոչ ամբողջական և մասնակիորեն սխալ: Իրականում ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը Ա.Խաչատրյանին պարզաբանել է նշված իրավիճակում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները, ավելին` խրախուսել է օգտվել դրանցից: Իսկ քաղաքացին նշել է, որ իր պնդումները ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը կներկայացնի գրավոր: Սակայն նշված փաստերով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը որևէ գրավոր բողոք չի ստացել :
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լինելու է հետևողական Ա.Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները: Քննարկման հետագա ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Արցախում իրավական մշակույթի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը եղել և մնում է ԱՀ մարդու իրավունքների հաստատության հավատամքը և առաջնային առաքելությունը»: