
Կեմերովոյում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջը:
Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են: Բուժօգնության համար երեկվանից դիմել է 50-ից ավելի մարդ:
Կեմերովոյի մարզում հայտարարվել է եռօրյա սուգ: Հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են կենտրոնի տնօրենը, հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը:
Հրդեհը Կեմերովոյի «Ձմեռային բալենի» չորս հարկանի առեւտրական կենտրոնում բռնկվել է մարտի 25-ին: Հրդեհի օջախը գտնվում էր վերին հարկում, որտեղ տեղավորված են մի քանի կինոսրահներ եւ մանկական խաղային գոտիները՝ ատրակցիոններով: Հրդեհից հետո բուժօգնության է դիմել 51 մարդ, ինչի մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբը հայտնել է, որ զոհերի մեծ մասի նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի փորձաքննություն: