
ԱՄՆ-ն արտաքսում է ռուս 60 դիվանագետների և փակում Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել երկրից արտաքսել ռուս 60 դիվանագետների եւ փակել Սիեթլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին, հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, այս միջոցները ձեռնարկվել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ:
Նշվում է, որ արտաքսվող դիվանագետները պետք է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ԱՄՆ-ի տարածքը: Իր հերթին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 26-ին հայտնել է, որ իր երկիրը Սոլսբերիի միջադեպի կապակցությամբ արտաքսում է 13 ռուս դիվանագետների: Ռուսաստանի նկատմամբ համանման միջոցառումների մասին արդեն հայտարարել են Գերմանիան, Ֆրանսիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան:
Անցած շաբաթվա վերջին The Times թերթը հայտնել էր, որ, իր տվյալներով, մինչեւ քսան երկիր պատրաստ է հայտարարել վերը նշված գործի կապակցությամբ ռուս դիվանագետների արտաքսման մասին: