Կոնստանտին Զատուլինը՝ Ադրբեջանին զենք վաճառելու և Ալիևի վերջին հայտարարությունների մասին

Այսօր ՀՀ Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին:

Նա նշեց, որ, ինչպես ասել էր իր գործընկեր, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականից հետո՝ կապված տարածաշրջանը զինելու բալանսի խախտման վերաբերյալ, և ՀՀ-ին է տրամադրել պաշտպանության ամենաժամանակակից միջոցները:

Լրագրողի դիտարկմանը, թե 2016 թվականից հետո էլ շարունակվում է Ադրբեջանի զինումը ՌԴ-ի կողմից, իսկ Ալիևը հայտարարում է, որ Երևանը և Զանգեզուրն իրենց պատմական հողերն են, Կ. Զատուլինը պատասխանեց, որ, իրոք, զենքի մատակարարում եղել է, բայց դրանք եղել են արդեն վճարված և նախկինում կնքված պայմանագրերի համաձայն: Նրա խոսքով՝ այդ զենքերը ամենաժամանակակիցը չեն, որոնք ՀՀ-ին լրիվ այլ սկզբունքով են տրամադրվել:

Խոսելով Ալիևի հայտարարության մասին՝ Կ. Զատուլինը նշեց, որ ցանկանում է ավելի կոռեկտ արտահայտվել, բայց չի կարող չասել, որ Ալիևի այդ հայտարարությունն ավելի թուլացրեց իր դիրքը միջազգային հարթակում:

Ըստ Կ. Զատուլինի՝ այդ  հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանին՝ հաշվի առնելով Ադրբեջանում կայանալիք առաջիկա ընտրությունները, բայց, նրա խոսքով, այդ հայտարարությունը որևէ քննադատության չի դիմանում և՛ պատմական, և՛ քաղաքական տեսանկյուններից. «Պարզ չէ, թե ինչպե՞ս կարող է որևէ մեկը լուրջ վերաբերվել այդ հայտարարությանը»:

Մանրամասները՝ առաջիկայում:

 

Տեսանյութեր

Լրահոս