Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ է հայտարարված մարտի 27-ից
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցաին կենտրոնում հրդեհից զոհվածների հիշատակին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանի վարչակազմում:
«Նահանգապետ Աման Տուլեեւը Կեմերովոյի մարզի ամբողջ տարածքում սուգ է հայտարարել մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել է, որ այդ օրերին կխոնարհվեն պետական հիմնարկների դրոշները եւ կչեղարկվեն մշակութային-ժամանցային միջոցառումները:
Ըստ վերջին տվյալների, զոհվել է 64 մարդ: Հրշեջները բաց այրումը մարել են 1,5 հազար քառակուսի մետր տարածքում, սկսվել է փլատակների հավաքումը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել ու հարցաքննության է ենթարկվել չորս մարդ, այդ թվում՝ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ, ենթադրաբար, եղել է բռնկման օջախը:
Հրդեհը Կեմերովոյի «Ձմեռային բալենի» չորս հարկանի առեւտրական կենտրոնում բռնկվել է մարտի 25-ին: Հրդեհի օջախը գտնվում էր վերին հարկում, որտեղ տեղավորված են մի քանի կինոսրահներ եւ մանկական խաղային գոտիները՝ ատրակցիոններով: Հրդեհից հետո բուժօգնության է դիմել 51 մարդ, ինչի մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբը հայտնել է, որ զոհերի մեծ մասի նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի փորձաքննություն: