
Կեմերովոյի առևտրի կենտրոնում զոհվածների թիվը հասավ 64-ի

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ: Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը: Հրդեհը Կեմերովոյի «Ձմեռային բալենի» չորս հարկանի առեւտրական կենտրոնում բռնկվել է մարտի 25-ին: Հրդեհի օջախը գտնվում էր վերին հարկում, որտեղ տեղավորված են մի քանի կինոսրահներ եւ մանկական խաղային գոտիները՝ ատրակցիոններով:
«Վերջնական թիվը 64 է»,-ասել է Պուչկովը լրագրողներին: Հրդեհից հետո բուժօգնության է դիմել 51 մարդ, ինչի մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Բուժօգնության համար երեկ դիմել է 48 մարդ եւ այսօր՝ երեքը»,-ասել է նա սելեկտորային խորհրդակցության ընթացքում:
Ավելի վաղ արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտնել է, որ զոհերի մեծ մասի նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի փորձաքննություն: Մարտի 26-ի առավոտյան օպերատիվ շտաբում հայտնել են բաց այրման վերացման մասին, սակայն մինչ այժմ չի հաջողվում ամբողջովին մարել հրդեհը: