
Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Մարտի 26-ի առավոտյան ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին) Եգիպտոսի բոլոր նահանգներում սկսվել են նախագահական ընտրությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Քվեարկությունը կազմակերպված է 13 հազար ընտրատեղամասերում, ընտրությունների ընթացքը վերահսկում են 16 հազար դատավորներ, դիտորդներ՝ Եգիպտոսի 44 եւ միջազգային չորս ոչ կառավարական կազմակերպություններից: Եգիպտոսում ձայնի իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, չեն կարող քվեարկել զինծառայողներն ու ոստիկանության աշխատակիցները: 2017 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, Եգիպտոսում գրանցված է 59 մլն ընտրող, ինչը 8 միլիոնով ավելի է, քան 2014 թվականի նախագահական ընտրություններում:
Ընտրատեղամասերն աշխատելու են առավոտվա ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 9-ը՝ երեք օր անընդմեջ՝ մարտի 26-ից մինչեւ 28-ը: Եգիպտոսի բնակիչները պետության ապագա ղեկավարին ընտրելու են երկու թեկնածուներից: Նախագահի պաշտոնին հավակնում են ներկայիս ղեկավար Աբդել Ֆաթահ աս Սիսին, ինչպես նաեւ քիչ հայտնի քաղաքական գործիչ, «Ալ Գեդ» («Վաղը») կուսակցության առաջնորդ Մուսա Մուստաֆա Մուսան: Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 2-ին: