Կեմերովոյում հրդեհի զոհերի թիվը հասել է 56-ի. 30-ից պակաս մարդ է անհայտ կորած համարվում
Փրկարարները Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրական կենտրոնում հրդեհի վայրում հայտնաբերել են 56 զոհվածների մարմիններ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ շտաբում:
Կինոթատրոնի շրջանում հայտնաբերվել են եւս հինգ զոհվածների մարմիններ: Զոհվածների ընդհանուր թիվը 56 է, նրանցից առնվազն ինը երեխաներ են, ասել է շտաբի ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ 12 տուժածների տեղափոխել են հիվանդանոցներ, եւս 36 հոգու ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել: Շտաբում հայտնել են, որ այժմ փրկարարները որոնում են եւս 16 մարդու, որոնք կարող են գտնվել կինոսրահներում: Առեւտրի կենտրոնում հրդեհը մարված է, սկսվել է փլատակների հավաքումը:
Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը եւ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը: Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ժամանել է Կեմերովոյի մարզ՝ հսկելու տուժածներին բուժօգնության ցուցաբերումը: Ճշտված տվյալներով՝ 30-ից պակաս մարդ է անհայտ կորած համարվում հրդեհի հետեւանքով: Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեեւը հայտնել է, որ առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի զոհերի ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի:
Առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից վնասը գնահատվում է 3 մլրդ ռուբլի: Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվածների հիշատակին սուգ կհայտարարվի առաջիկա օրերին: