Գրեթե 100 երկրների պատվիրակներ են մասնակցելու անվտանգության Մոսկովյան խորհրդաժողովին
95 երկրների 850-ից ավելի պատգամավորներ կմասնակցեն միջազգային անվտանգության յոթերորդ Մոսկովյան խորհրդաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 4-5-ին: Այդ մասին հայտնել է «Կրասնայա զվեզդա» թերթը: Նրա տվյալներով, այս տարի խորհրդաժողովին հրավիրված են 103 պետությունների պաշտպանության նախարարներ եւ ռազմական գերատեսչությունների պատվիրակություններ, միջազգային ինը կազմակերպությունների ղեկավարներ:
Ներկա պահի տվյալներով՝ հայտնի է, որ համաժողովին կմասնակցեն պաշտպանության 31 նախարարներ, ռազմական գերատեսչությունների 14 փոխղեկավարներ, միջազգային կազմակերպությունների 5 ղեկավարներ, 19 պատվիրակություններ, 68 արտասահմանյան ոչ կառավարական փորձագետներ, ինչպես նաեւ զինվորական կցորդներ՝ 19 պետություններից:
Ինչպես նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում, անվտանգության յոթերորդ միջազգային խորհրդաժողովի գլխավոր թեմաները կդառնան «Սիրիայում ԴԱԻՇ-ի ջախջախման արդյունքները եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները»: Բացի այդ, համաժողովում կքննարկվեն պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը եւ «հատուկ ուժի» ֆենոմենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: