Թուրքիայի զինուժը օպերացիա է սկսել Սինջարում PKK-ի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նա խոսել է տարածաշրջանում քրդերի դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող  նոր ռազմական գործողությունների մասին։

Մասնավորապես նշել է, որ այժմ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների նոր թիրախը հանդիսանալու է Իրաքի եզդիաբնակ Սինջար շրջանը, որտեղ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) հենակետեր ունի։

«Նախկինում ասել էինք, որ մտնելու ենք Սինջար։ Հիմա արդեն այնտեղ սկսվել են ռազմական գործողությունները։ Երկրի ներսում և դրանից դուրս պայքար է գնում ահաբեկչության դեմ։ Մեր հոգսը ահաբեկիչներն են։ Մենք չենք հանդիսանում բռնազավթող երկիր։ Օկուպացիաների օրինակներ կան Արևմուտքում։ Մեր անցյալում չկան նման բաներ»։

Սինջարում ռազմական գործողություններ սկսելը Թուրքիայի նախագահը պատճառաբանել է այն իրողությամբ, որ Աֆրինը կորցնելուց հետո քրդական ուժերը նահանջել են Սինջար։

Հիշեցնենք, որ չնայած Էրդողանի վերոնշյալ հայտարարությանը՝ մի քանի օր առաջ PKK-ն հայտարարել էր, որ իրենք դուրս են բերում իրենց ուժերը Սինջարից։

Տեսանյութեր

Լրահոս