
Չինական տիեզերակայանի բեկորները կարող են ընկնել Եվրոպայում

Չինաստանի «Տյանգուն-1» տիեզերակայանի բեկորները, ինչպես ենթադրվում է, Երկրի վրա կընկնեն մարտի 29-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակամիջոցում: Այս մասին հայտնել է The Hill հրատարակությունը՝ վկայակոչելով Տիեզերական տարածության ուսումնասիրման կենտրոնը:
Գիտնականների կարծիքով՝ կայանը մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս կքայքայվի, եւ դրա բեկորների մեծ մասը կայրվի: Դրանցից մի քանիսն էլ կհասնեն մինչեւ մոլորակի մակերեւույթ եւ, հավանաբար, կընկնեն օվկիանոսը: Սակայն մասնագետներն Իսպանիային, Պորտուգալիային, Ֆրանսիային եւ Հունաստանին նախազգուշացրել են դրանց տարածքում բեկորների հնարավոր հայտնվելու մասին:
8,5 տոննա զանգվածով, 12 մետր երկարությամբ եւ 3,3 մետր տրամագծով «Տյանգուն-1» կայանն ուղեծիր է դուրս բերվել 2011 թվականի սեպտեմբերին: Հետագա երկու տարում դրան երկու անգամ կցվել են «Շենչժոու» շարքի տիեզերանավեր, սակայն ավելի ուշ մասնագետները կորցրել են վերահսկողությունը տիեզերակայանի նկատմամբ: