Արոնյանի հաջորդ մրցակիցն առաջատար Կարուանան է. հավակնորդների մրցաշար
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ֆաբիանու Կարուանան է:
Մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում առաջատարի դիրքը պահպանած Ֆաբիանու Կարուանայի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Մամեդյարով (Ադրբեջան)- Գրիշչուկ (Ռուսաստան), Լիժեն (Չինաստան)-Կրամնիկ (Ռուսաստան), Սո (ԱՄՆ)-Կարյակին (Ռուսաստան):
12 տուրերից հետո հավակնորդների մրցաշարում երկիշխանություն է: Մեկնարկային տուրերում անհաջող խաղով աչքի ընկնող Սերգեյ Կարյակինը ևս պայքարում է հաղթողի կորման համար: Կարուանան և Կարյակինն ունեն 7-ական միավոևժր: 6,5-ական միավոր ունեն Լիժենը, Գրիշչուկը, Մամեդյարովը: Կրամնիկն ունի 5,5, իսկ Սոն՝ 5 միավոր: Լևոն Արոնյանն ունի միայն 4 միավոր և վերջին տեղում է:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: