
Կատալոնիայում ավելի քան 90 մարդ է տուժել ոստիկանության հետ ընդհարումների ընթացքում

Կատալոնիայում ոստիկանության եւ ցուցարարների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 92-ի: Այդ մասին հայտնել են բժշկական ծառայությունները: Տուժածների թվում են Mossos d՚Esquadra իրավապահ մարմինների 23 աշխատակիցներ, առնվազն ինը մարդ ձերբակալված է:
Բողոքի ամենաբազմամարդ ակցիաները, որոնք կազմակերպվել են Գերմանիայում Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնի ձերբակալումից հետո, մարտի 25-ի երեկոյան տեղի են ունեցել Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչության շենքի, Բարսելոնայում Գերմանիայի հյուպատոսարանի, ինչպես նաեու Տարագոնայում, Լերիդայում եւ Ժիրոնայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչությունների շենքերի մոտ:
Բարսելոնայում բժշկական օգնության է դիմել 92 մարդ: Բողոքի նախաձեռնողներ են հանդես եկել «Կատալոնիայի ազգային ասամբլեա» եւ Omnium Cultural հասարակական կազմակերպությունները: «Հանրապետության պաշտպանության կոմիտեներն» ընդհանուր գործադուլի կոչ են անում: Ցուցարարները մի քանի ավտոմոբիլային մայրուղիներ են փակել Կատալոնիայում:
Մարտի 26-ին Պուչդեմոնը, որը մարտի 25-ին Գերմանիայում ձերբակալվել է եվրոպական կալանագրի հիման վրա, ցուցմունքներ կտա Շլեզվիգ-Հոլշտայնի երկրամասի դատարանում: Ներկայում նա գտնվում է Նոյմյունստեր քաղաքի բանտում: Իսպանիայում Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարին առաջադրվել են ապստամբության կազմակերպման եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ, առաջին մեղադրանքով նրան սպառնում է մինչեւ 30 տարվա բանտարկություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: