Առնվազն 48 մարդ է զոհվել Կեմերովոյի առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով
Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 48-ի: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակի վերացման օպերատիվ շտաբում: «Կինոսրահի հատվածում հրդեհի վայրում հայտնաբերվել են եւս 11 զոհվածների մարմիններ:
Այդպիսով հաստատված է 48 մարդու զոհվելը»,- ասել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը: Այստեղ հայտնել են, որ այժմ շարունակվում են եւս 16 մարդու որոնումները: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են Շտաբում նաեւ նշել են, որ առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհը մարված է, սկսվել է փլատակների հավաքումը: Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը եւ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը: Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ժամանել է Կեմերովոյի մարզ՝ հսկելու տուժածներին բուժօգնության ցուցաբերումը:
Ճշտված տվյալներով՝ 30-ից պակաս մարդ է անհայտ կորած համարվում հրդեհի հետեւանքով: Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեեւը հայտնել է, որ առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի զոհերի ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի: Հրդեհից տուժած 11 մարդու հոսպիտալացրել են: Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվածների հիշատակին սուգ կհայտարարվի առաջիկա օրերին: