Բաժիններ՝

«Եթե դուք օգտվում եք Facebook-ից, ապա արդեն իսկ խոցելի եք». Սամվել Մարտիրոսյան

Facebook ընկերությունը հայտնվել է ծանր կացության մեջ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի շուրջը ծագած սկանդալի պատճառով, որին, The New York Times թերթի տվյալներով՝ հաջողվել է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ՝ ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար:

Դա բողոքի լայն ալիք է բարձրացրել ինչպես՝ ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Եվրոպայում, ուր ընկերությունից պատասխան են պահանջում այս գործունեության համար: Գլուխ է բարձրացրել անգամ «Ջնջիր Facebook»-ը հասարակական շարժումը:

ԵՄ-ի գագաթաժողովը Facebook ընկերությունից պահանջել է ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Եվրամիության գագաթաժողովի առաջին լիագումար նստաշրջանի արդյունքներին նվիրված մաուլի ասուլիսում:

Ավելի ուշ Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալների նոր արտահոսքեր թույլ չտալու համար: «Դա վստահության լուրջ խախտում էր, և ես շատ եմ ցավում, որ այդպես է եղավ։ Այժմ մեր պարտականությունն է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Մարկ Ցուկերբերգը թվարկել է քայլերը, որոնք Facebook-ը անելու է՝ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Նախևառաջ, Facebook-ը հետաքննելու է բոլոր այն հավելվածները, որոնք տվյալներ են հավաքագրել մինչև 2014 թվականը և խախտումներ բացահայտելու դեպքում դիմելու է խիստ միջոցների: Facebook-ի հիմնադիրն ասել է, որ այսուհետ ցանկացած հավելված կկորցնի կապը օգտատերերի անձնական տվյալների հետ, եթե հավելվածը չի օգտագործվել վերջին երեք ամիսների ընթացքում: Երրորդ քայլը կլինի այն, որ առաջիկա ամիսների ընթացքում յուրաքանչյուր օգտատեր իր News Feed-ում կտեսնի այն հավելվածների ցանկը, որոնք օգտագործում է, և կկարողանա սահմանափակել իր տվյալների հասանելիությունը դրանց համար:

«Այս հնարավորությունն արդեն հասանելի է յուրաքանչյուր օգտատիրոջ գաղտնիության կարգավորումներում, սակայն մենք որոշել ենք ցուցադրել այն տեսանելի տեղում, որպեսզի համոզված լինենք, որ բոլորը դա տեսնում են»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:

168.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ 3-4 տարի առաջ հավելվածները գրեթե ամեն ինչ կարող էին օգտատերերի մասին իմանալ կամ նրանց փոխարեն գործողություններ անել, ինչը հիմա փոքր-ինչ սահմանափակվել է. «Բայց, օրինակ՝ էլեկտրոնային փոստի հասցեն հավելվածը կարող է իմանալ, ինչն արդեն վտանգ է, կարող են լինել ֆիշինգային հարձակումներ։ Այստեղ հարցը շատ գլոբալ է․ մի կողմից՝ Cambridge Analytica-ի դեմ է պայքար գնում, որովհետև իրենք տվյալները հավաքել են և կարողացել դա օգտագործել քաղաքական տարբեր գործողություններում, բայց հարցն այն է, որ պայմանագրով Facebook-ն ասում է, որ այդ տվյալները օգտագործելու և վաճառելու է երրորդ կողմին, ուղղակի չանձնավորված։ Այսինքն՝ կոնկրետ չեն իմանալու, թե դուք ով եք, բայց իմանալու են, որ դուք, օրինակ՝ Երևանում ապրող ճարտարապետ եք, 30-34 տարեկան, սիրում եք ֆուտբոլ և Ջասթին Բիբեր եք լսում»։

Հետևաբար, փորձագետի խոսքով՝ հարցը լուծված չէ. «Եթե դուք օգտվում եք Facebook-ից, ապա արդեն իսկ խոցելի եք։ Թե ինչպես դա կօգտագործվի ձեր դեմ, դա այլ հարց է, ուղղակի պետք է հաշվի առնել, որ գլոբալ խնդիրը լուծված չէ»։

Ամեն դեպքում, փորձագետը խորհուրդ է տալիս մտնել կարգավորումների բաժին (Settings) և հեռացնել բոլոր այն հավելվածները (Apps), որոնք չեք օգտագործում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս