Բաժիններ՝

Սահմանամերձ Զանգակատուն համայնքում խնձորի հյութի արտադրամաս է հիմնվելու

Արարատի մարզի Զանգակատուն սահմանամերձ համայնքը Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի է իր խնձորի բազմաթիվ տեսակներով: Միշտ առատ բերքով հողին խոնարհված խնձորենիները պտուղներից ազատվելուց հետո գյուղացիներին «կանգնեցնում են» իրացման խնդրի առաջ:

Մի քանի տարի առաջ բարեգործների օգնությամբ գյուղում ստեղծվեց սառնարանային տնտեսություն՝ հետագայում արժանապատիվ գներով բերքն իրացնելու համար:

«Հազար տոննայից ավելի խնձորը, որ թափվում է ծառերի տակ և շուկայում իրացնել հնարավոր չէ, զգալի նյութական վնաս է պատճառում հողագործին:

Գյուղացիները ստիպված, հաղթահարելով 70 կմ ճանապարհային դժվարությունները, այն հասցնում են Արտաշատի պահածոների գործարան, որը մթերում է 1 կգ-ն 30 դրամով: Տրանսպորտի ու վառելանյութի ծախսերը հանելուց հետո գյուղացուն բան չի մնում իր վաստակածից»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց համայնքապետ Էմին Սահակյանը:

Գյուղի հոգսերով ապրող Էմին Սահակյանը երկար պրպտումներից հետո ելքը գտավ.

«Որոշեցինք տեղական հումքի վրա ստեղծել հյութի արտադրամաս»: «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը՝ տնօրեն Կարեն Մանվելյանի ղեկավարությամբ օգնության ձեռք մեկնեց սահմանապահ գյուղին՝ ներդնելով 50 հազար եվրո գումար, իսկ գյուղացիները կօգնեն ֆիզիկական աշխատանքով:

«Շնորհիվ գերմանական բանկ-հիմնադրամ- Զանգակատուն համայնք եռակողմ համաձայնագրի, միասին կլուծենք իրացման շուկաներ գտնելու հարցը»,-պարզաբանեց գյուղապետը: Այժմ բանկի հետ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոնց կհաջորդի արտադրամասի կառուցումը:

Զանգակատանն աճեցված խնձորներն իրացվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում ՝ ՌԴ-ում, Բելառուսում, Վրաստանում: «Իսկ եթե այն համտեսեն ԱՄՆ-ում եւ եվրոպական մյուս երկրներում՝ իրենք օդանավով կգան մեր խնձորի ետևից»,-հավելեց Սահակյանը:

Գյուղապետը նշեց նաև, որ միջհամայնքային, ընդհանուր առմամբ 3 կմ ճանապարհ (Պ. Սևակ, Գ. Նժդեհ), ապահովվել է գիշերային լույսերով: Համայնքին տրամադրել են գյուղտեխնիկա՝ մամլիչ, հնձող և այլ սարքավորումներ:

Վերոհիշյալ գումարով հիմնադրամը նպաստում է նաև վայրի բնության պահպանման հարցի լուծմանը: Գումար կտրամադրվի Զանգակատան տարածքի լեռներում առկա բեզոարյան այծերի, գիշատիչ կենդանիների եւ նոր հայտնված տասը տեսակի գիշատիչ եւ սովորական թռչունների պահպանման եւ զարգացման համար: Նախատեսվում է նաեւ ուժեղացնել վերահսկողությունը՝ որսագողությունը բացառելու նպատակով: Հարկ եղած դեպքում վերոնշյալ թռչունները եւ կենդանիները (երաշտի կամ սառնամանիքի պայմաններում) կապահովվեն լրացուցիչ կերով:

Լիլիթ Մաճկալյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս