Բաժիններ՝

«Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքը շրջանցվել է ԿԳ նախարարությունում

Սույն հոդվածի համար առիթ հանդիսացավ «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքը շրջանցող մի պատմություն: 1994 թվականին հիմնված «Գորիսի օտար լեզուների «Կարին» ՍՊԸ»-ն ԿԳ նախարարի 2001թ. ապրիլի 23-ի N133-Մ հրամանով ստացել է N 076 անժամկետ լիցենզիա, որով այս ՍՊԸ-ն ճանաչվել է ուսումնական հաստատություն և թույլատրվել է այնտեղ իրականացնել կրթություն, այսինքն պրոֆեսորադասախոսական կազմի անդամները համարվել են մանկավարժներ: Սակայն «Կարին» ՍՊԸ-ի գործունեությունը լիցենզիայի պահանջները խախտված լինելու հիմքով ԿԳ նախարարի 2009թ. մարտի 2-ի N 136-Ա/Ք հրամանով կասեցվել է, իսկ ավելի ստույգ, ըստ պետական ռեգիստրի՝ «Օտար լեզուների Կարին ՍՊԸ»-ի գործունեությունը դադարեցված է:

Օրենքի 34-րդ հոդվածի պահանջի համաձայն ոչ պետական բուհի լիցենզիայի դադարեցված լինելը նշանակում է, որ այն գոյություն չունի, հետևապես բուհի տնօրենի մանկավարժական գործունեությունն ընդհատվել է 2009թ. մարտի 2-ին: Հետևաբար 2012-ին Կարինե Մովսիսյանը հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման դիմելիս վերջին 10 տարում անհրաժեշտ 7 տարվա մանկավարժական ստաժի փոխարեն ունեցել է 6 տարի 10 ամիս և 21 օր ու իրավունք չուներ մասնակցել դպրոցի տնօրեն դառնալու համար անհրաժեշտ հավաստագրման քննությանը:

Այս մասին ս.թ. փետրվարի 12-ին դիմել եմ կրթության նորաստեղծ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ պարոն Մկրտչյանին՝ առաջարկելով տեսչության կանոնադրության «Տեսչական մարմնի գործառույթները» գլխի է. կետի համաձայն ստուգել Կարինե Մովսիսյանի ընտրության, նշանակման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

Ս.թ. մարտի 19-ին ստացել եմ մի պատասխան, որտեղ գրված է, որ ստաժը ճիշտ է հաշվարկված, քանի որ տվյալ ՍՊԸ-ն լիցենզիան կասեցնելուց հետո շարունակել է իրականացնել լրացուցիչ կրթական ծառայություններ, որի համար լիցենզավորման պահանջ սահմանված չէ և 2012թ. մարտի 30-ից այլևս կրթական գործունեություն չի իրականացրել:

ԿԳ նախարարության հարգելի իրավաբաններ, նախ իմ նամակի պատասխանի կատարողը դուք պետք է լինեիք, երկրորդ, ինձանից լավ պետք է իմանաք, որ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնողների աշխատանքային ստաժը մանկավարժական չի համարվում: Նույնիսկ երաժշտական դպրոցների մանկավարժների ստաժը մանկավարժական չեք համարում, այնպես որ ակնկալում եմ ս.թ. մարտի 21-ին ԿԳ նախարարին, նույն ինքը կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահին ուղղածս նամակին գրագետ իրավաբանի պատասխան:

Անահիտ Բախշյան
ԿԳՆ տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ
03.2018թ.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս