Ովքե՞ր էին ներկա Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին «Օջախ»-ում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Օջախ» ռեստորանում Հայաստանի իշխանական քաղաքական էլիտան երեկ նշել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակը:
Ըստ «Ժամանակ»-ի աղբյուրի՝ այդ միջոցառմանը, բացի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին նաեւ նախկին պաշտոնյաներ, ովքեր թվում է, թե անվերադարձ խզել էին իրենց կապերը իշխանության հետ:
Մասնավորապես՝ ծննդյան արարողությանը ներկա էին նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, կապի եւ տրանսպորտի եւս մեկ նախկին նախարար Մանուկ Վարդանյանը:
Արցախից ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի առաջին վարչապետ եւ նախկին ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը: Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքից ներկա էին ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Թեեւ Գագիկ Ծառուկյանը ծննդյան տոնին ներկա չէր՝ Հայաստանից բացակայելու պատճառով, սակայն նրան ներկայացնում էր մայրը՝ Ռոզա Ծառուկյանը:
«Ելք» դաշինքից ներկա էր Արտակ Զեյնալյանը: Ավելացնենք նաեւ, որ ՍԴ նախագահի ծննդյան տոնը իր ներկայությամբ պատվել էր նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Միջոցառման մասնակիցներն ասում են, որ կատարյալ ազգային համաձայնության հասնելու համար բացակայում էին միայն նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։