«Հայկական կերկուրները Կովկասի ամենահին խոհանոցի մի մասն են, որոնք լավագույն կերպով պատմում են մեր ինքնության և ազգային մտածողության մասին»
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա 2017թ. Ֆրանսիայում հրատարակված Ռիշար և Կորին Զարզավաջյանների «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը: «Հայաստանի խոհանոցը» «Cuisine d’Arménie» խորագրով գիրքը պարունակում է հայկական շուրջ 100 ճաշատեսակ՝ լուսանկարներով և բաղադրատոմսերով: Գրքի հեղինակները՝ քույր ու եղբայր Կորին (Հերմինե) և Ռիշար Զարզավաջյանները, ամբողջացրել ու հրատարակել են հին սնդուկից գտնված՝ իրենց մոր «համեղ» տետրը:
Այսօր գիրքը մեծ համբավ է վայելում Ֆրանսիայում:
Սփյուռքի նախարարությունում հերթական հայահոտ և հայաշունչ ձեռնարկի շնորհանդեսն է, որն այս անգամ նվիրված է հայկական խոհանոցին: Գրքի հեղինակները Մարսելում հաստատված՝ տիպիկ հայկական ընտանիքից, ցեղասպանությունից մազապուրծ նախնիների ժառանգներ են՝ քույր և եղբայր Կորին և Ռիշար Զարզավաջյանները, ովքեր խնամքով հավաքագրել և գրքի տեսքով աշխարհին են ներկայացրել իրենց սիրելի մայրիկի ընտանեկան բաղադրատոմսերը:
«Հայաստանի խոհանոցը» գրքի հեղինակ Կորին (Հերմինե) Զարզավաջյանը, խոսելով գրքի ստեղծման պատմության մասին, նկատեց, թե նարնջագույն կազմով տնային գրքույկը, որ գրվել է իր մոր ձեռագրով և որտեղ հավաքված են իրենց ընտանիքի ամենասիրելի կերակուրները, իրենք գտել են շատ պատահաբար և, հասկանալով, թե որքան մեծ արժեք ներկայացող մշակութային ժառանգություն է ամբարված այդ տնային տետրի էջերում, որոշել են այն գրքի վերածել և տարածել ողջ աշխարհում՝ ներկայացնելով հայկական խոհանոցի գոհարները:
Տիկին Կորինը խոստովանում է՝ գրքում ձետեղված մայրիկի կերակուրներից ինքն անձամբ կարողանում է պատրաստել մի քանիսը, բայց պատրաստակամ է սովորելու և սովորեցնելու դրանք մյուսներին, և գիրքն էլ հենց այդ նպատակով է կազմվել.
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում այս գիրքը ներկայացվի ինչպես՝ հայերին, այնպես նաև՝ օտարներին: Չմոռանանք, որ հայկական կերակուրները Կովկասի ամենահին խոհանոցի մի մասն են, որոնք լավագույն կերպով պատմում են մեր ինքնության և ազգային մտածողության մասին: Չմոռանանք նաև, որ մենք շատ մարդասեր և հյուրասեր ազգ ենք, և թող այդ մասին իմանան նաև ամբողջ աշխարհում»:
Գրքի հեղինակ Ռիշար Զարզավաջյանն էլ իր հերթին՝ նկատեց՝ մի քանի անգամ առիթ է ունեցել հայկական խոհանոցի մասին խոսելու ֆրանսիական հայտնի խոհարարներ հետ, ովքեր մեծ հետաքրքրություն են դրսևորել դրանց նկատմամբ:
Ռիշար Զարզավաջյանն ասում է, որ «Հայաստանի խոհանոցը» գրքի մեկ օրինակ նվիրել է նաև Շառլ Ազնավուրին, ով ուրախությամբ ընդունելով նվերը՝ արձագանքել է՝ ի շնորհիվ այս գրքի, ինքն արդեն ինչ-որ բան ունի թողնելու իր թոռնիկին, որ կպատմի նրան հայկական խոհանոցի գաղտնիքների և գեղեցկության մասին:
«Մեր նպատակն է՝ այս գիրքը տարածել ոչ միայն Հայաստանում և Ֆրանսիայում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- ասում է Ռիշար Զարզավաջյանն իր շնորհակալական խոսքում:
Հանդիպմանը ներկա «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանն անդրադառնալով «Հայաստանի խոհանոցը» գրքին՝ նկատեց.
«Երբ ծանոթանում էի այս գրքին, դրա նկարազարդմանը, գրելու ոճին, մի զգացմունք պատեց ինձ, չգիտեմ՝ հուզմո՞ւնք էր, թե՞ հպարտություն: Անմիջապես միտք ծագեց, թե հայկական մշակութային ժառանգության գանձերով լեցուն դեռ որքա՜ն սունդուկներ բացված չեն, և դեռ դրանցից որքանն են անհայտության ուղիներում կորչել: Ազգային խոհանոցը, որպես մեր ինքնության, դիմագծի ու հոգեկերտվածքի ցուցիչ, շատ մեծ նշանակություն ունի: Իզուր չէ ասված, որ մենք այն ենք, ինչ ուտում ենք: Քանի որ մենք այստեղ ենք հավաքվել նշելու որպես մասունք փրկված մեր հզոր ազգային խոհանոցի փոքրիկ մասնիկը, ապա ես իմ և Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ-ի անունից ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել գրքի հեղինակներ քույր և եղբայր Կորին և Ռիշար Զարզավաջյաններին: Եթե մեր մշակութային ժառանգության որևէ երևույթ այս կամ այն գզրոցից հայտնաբերվում և նոր կյանք է ստանում, ապա այն միանշանակորեն նոր կյանք է հաղորդում նաև մեզ՝ այդ անգին ժառանգության կրողներին»:
Քանի որ «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը համընկավ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումների մեկնարկի և առաջիկայում Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հետ, իսկ Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում ազդարարվել են «Ֆրանսիայի համը» («Goût de France» ) խորագրով միջոցառման հետ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց՝ ինչո՞ւ մենք էլ չունենանք համահայկական ընդգրկում ունեցող նմանօրինակ ձեռնարկ, տարվա մեջ մեկ օր, որի ընթացքում ամբողջ աշխարհում սփռված բոլոր հայերը կտոնեն հայկական խոհանոցի, հայկական համի տոնը.
«Ես կարծում եմ՝ այդ օրը կլինի աշնանը՝ հոկտեմբերի 1-ին, երբ ավելի ծանրաբեռ է դառնում հայկական խոհանոցը՝ քաղցրահամ մրգերով, համեղ բանջարեղեններով և առհասարակ հայկական բերք ու բարիքով: Հոկտեմբերի 1-ն այսուհետ կհռչակվի հայկական խոհանոցի օր»:
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստանի խոհանոցը» «Cuisine d’Arménie» խորագրով գրքի հեղինակներ քույր և եղբայր Կորին (Հերմինե) և Ռիշար Զարզավաջյաններին պարգևատրեց Սփյուռքի նախարարության հատուկ շնորհակալագրերով: