NSYNC փոփ-խումբն աստղի է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում
NSYNC ամերիկյան հայտնի փոփ-խմբի անվանական աստղը, որի կազմում իր կարիերան սկսել է Ջասթին Թիմբեռլեյքը, կհայտնվի Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) Հոլիվուդի Փառքի ծառուղում: Հուշանշանի բացման արարողությունը կկայանա ապրիլի 30-ին: Այդ մասին հայտնել է Հոլիվուդի Առեւտրի պալատը։
«Մենք պատվում ենք NSYNC-ին՝ աստղի արժանացնելով մեր Փառքի ծառուղում»,- նշել է պալատի մամուլի ծառայությունն իր Twitter-ում: Այստեղ էլ ներկայացված է հայտարարությունը հուշանշանի բացման արարողության ամսաթվի վերաբերյալ: NSYNC քառյակը՝ Թիմբեռլեյք, Լենս Բասս, Քրիս Քիրքփաթրիք, Ջոուի Փեթոուն եւ Ջեյսի Չեյզես կազմով, հիմնվել է Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) 1995 թվականին:
Կոլեկտիվը փառքի բարձրակետին է հասել 2000-ական թվականներին. նրա ալբոմներն ԱՄՆ-ում վաճառվել են ավելի քան 30 մլն ընդհանուր օրինակով: Խումբն ութ անգամ անվանակարգվել է Gremmy մրցանակի, այդ թվում՝ 2001 թվականին տարվա լավագույն ձայնագրության՝ Bye Bye Bye-ի եւ լավագույն փոփ-ալբոմի՝ Celebrity-ի համար:
Թիմբեռլեյքը 2002 թվականին խմբի ցրվելուց հետո հաջող սոլո կարիերա է արել՝ թողարկելով հինգ ալբոմ եւ Gremmy նվաճելով տասն անգամ: Փետրվարին կատարողը ձայնագրել է Man of the Woods սկավառակը եւ պատրաստվում է մեկնել համաշխարհային շրջագայության: Նա եւ փոփ-քառյակի մնացած մասնակիցները չեն հայտարարել վերամիավորվելու իրենց պլանների մասին: