«Մարդը բնությունից շատ է հեռացել, և դրան նպաստող առաջին հանգամանքն ինտերնետի այսչափ տարածումն է»
Գլխազարդ՝ շաքարամանից, թևնոց՝ թեյի բաժակի տակդիրից, վզնոց՝ գդալից, ականջօղ կամ կրծքազարդ՝ դանակից, և այլն: Նկարչուհի Լուսինե Նիկողոսյանի ձեռքին կենցաղային ամենապարզ իրերը կարող են դառնալ արվեստի չկրկնվող գործեր՝ խիստ յուրատիպ զարդեր, աքսեսուարներ կամ պարզապես արվեստի գույներով ոգեշնչված դեկորատիվ իրեր:
«168 Ժամը» հանդիպել է Լուսինե Նիկողոսյանի հետ, զրուցել նկարչուհու մասնագիտական ձեռքբերումների մասին, լսել նրա յուրատիպ աշխարհայացքի գաղտնիքներն ու արվեստի ինքնատիպ մոտեցումները:
– Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, այնուհետև շարունակել ուսումս Գեղարվեստի պետական ակադեմիայում: Բուհական կրթությունից հետո երկամսյա վարպետության դասեր եմ անեցել քեռուս՝ Էդվարդ Սասունի մոտ, ով նույնպես նկարիչ է և ավարտել է Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան: Այն աշխատանքը, որ ես հիմա անում եմ, պահանջում է, որպեսզի բազային հիմքում լիակատար կերպով տիրապետեմ նկարչությանը՝ հասկանալու համար, թե ի՞նչ է ջրաներկն ու յուղաներկը, որոնք են դրանց գաղտնիքները, իսկ դրանք շատ գաղտնիքներ ունեն, հատկապես՝ ջրաներկը, որի վրձնահարվածները շատ մտածված և արագ պետք է լինեն, որովհետև, ի տարբերություն յուղաներկի, ջրաներկը չի մաքրվում: Չզարմանաք, եթե ասեմ, որ իմ մասնագիտական կյանքում ամենակարևոր կրթությունը ես ստացել եմ հենց այդ երկու ամիսների ընթացքում, չնայած նրան, որ ունեցել եմ նաև հիանալի ուսուցիչներ, որոնցից նույնպես շատ կարևոր հմտություններ եմ ստացել:
– Լուսինե, ի՞նչն է կարևոր արվեստ ստեղծող մարդու համար:
– Կյանքի ամենօրյա ընթացքն ամեն վայրկյան խեղդում է մեզ, ուղղակի մեջդ այնքան ուժ պետք է գտնես, որ կարողանաս հաղթահարել դրանք: Եթե մարդը պայքարող տեսակ է և առաջին հերթին այդ պայքարը տարածում է հենց իր վրա, ապա միգուցե կհաջողի: Պետք է կարողանալ դուրս գալ արդեն ընդունված շրջանակներից և անպայման անել դա ճիշտ ուղով, թեև շրջանակներից դուրս գալն էլ դեռ բավական չէ: Մարդը, ով իրեն համարում է ստեղծագործող, պետք է օժտված լինի նաև նկատելու ու գնահատելու գեղեցիկը:
– Իսկ ընդհանրապես, հե՞շտ է կարողանալ դուրս գալ ընդունված շրջանակներից:
– Ոչ, իհարկե, բայց այստեղ օգնության է գալիս այն, թե ինչի՞ց ես դու ոգեշնչվում: Ես հաճախ տգեղից էլ կարող եմ ոգեշնչվել, խնդիրն այստեղ ներքին գեղեցկության մասին է, որը եթե կա, ապա արդեն լավ է, այսինքն, հնարավոր է՝ որևէ տգեղ մի բան տեսնեմ, բայց ընկալեմ այն իր գեղեցիկ կողմերից: Երևանյան աղբամանները վերցնենք, որ թվում է՝ գեղեցիկ ոչինչ չկա, չէ՞, բայց ես կարող եմ դրանցում այնքան գեղեցիկ գույներ տեսնել, որոնք ինձ կոգեշնչեն: Նույնը նաև կարող եմ ասել փողոցում ապրող մարդկանց՝ մուրացիկների մասին: Երբեմն նրանց վրա այնքան գեղեցիկ գունային երանգներ կարելի է հայտնաբերել, միաժամանակ շատ լավ տեսնելով ու հասկանալով, որ ամբողջության մեջ նրանց կերպարը, մեղմ ասած, շատ հեռու է գեղեցիկ լինելուց: Նկատե՞լ եք, որ այդ մարդիկ շատ հաճախ գունավոր հագուստներ են կրում: Իրականում նրանք իրենց ներսում՝ անգիտակցաբար, բայց ունեն այդ գույների կարիքը, որը կապված է նրանց ներսում առկա հոգեբանական խնդիրների հետ: Նրանք հենց այնպես չեն այդպիսի հագուստներ կրում:
– Ի՞նչը կարող է վերահսկել ձեզ՝ վրա հասած ստեղծագործական ճգնաժամերից:
– Արվեստագետների մեծ մասի մոտ լինում են ճգնաժամային իրավիճակներ ու այդպիսի ժամանակահատվածներ: Եթե նրանք իրենք իրենց չվերահսկեն այդ ժամանակահատվածում, հեշտությամբ կարող են վտանգավոր շրջապտույտի մեջ հայտնվել, հետևաբար՝ արվեստագետների համար շատ կարևոր հանգամանք է ճիշտ վերահսկողության մշտական առկայությունը: Տարբեր մարդկանց մոտ այդ վերահսկողությունը տարբեր կերպով է իրականացվում: Ինձ համար այդ ուղին Աստծու հետ քայլելն ու ապրելն է, որովհետև արվեստ ստեղծող մարդիկ և առհասարակ մարդ արարածը շատ զգայուն է: Այն, ինչ ես ստեղծում եմ, իրականում չնչին, աննշան մի բան է՝ այն ամենի համեմատ, որ ստեղծել է Աստված և բնությունը:
Ես անդադար ձգտում եմ մոտենալ բնությանը՝ և՛ իմ ապրած օրերով, և՛ իմ ստեղծած արվեստով: Մարդը բնությունից իրականում շատ է հեռացել, և դրան նպաստող առաջին հանգամանքն ինտերնետի այսչափ տարածումն է մարդկանց օրերում և ամենօրյա կյանքում: Ես հազվադեպ եմ օգտվում համացանցից, երբ շատ կարևոր աշխատանք ունեմ այնտեղ անելու, կամ, երբ որևէ գործնական զրույց, որ պետք է վարեմ հենց համացանցում: Իրականում համացանցն ինձ շատ է խանգարում:
Երբ ես դուրս եմ գալիս ու նայում եմ երկնքին, կամ, երբ ոտքերիս տակ զգում եմ հողը, բնության հոտը՝ իմ ներսում, միաժամանակ մի քանի զգայարաններ սկսում են ակտիվ աշխատել, որոնք օգնում են ինձ ստեղծագործել: Նայում եմ երկնքին, ու միայն այդ պատկերն ինձ այնպիսի ազատության մեջ է գցում, որ հոգիս անծայրածիր կերպով բացվում է ստեղծագործելու համար: Կամ, երբ գեղեցիկ մի բան եմ տեսնում, ուղեղում և օրգանիզմումս անբացատրելի երևույթներ են կատարվում: Ոտքերս տեղում թուլանում են, ես անշարժանում եմ, և անգամ, երբ արդեն վաղուց տանն եմ, մտքերս անընդհատ տեսածիս հետ են:
Այն ամենը, ինչ ստեղծել է Աստված, և այն, ինչ ստեղծել է մարդը՝ Աստծո կամքով, ինձ համար գեղեցիկ են ՝ սկսած կենցաղային իրերից, մինչև արվեստի գործերը: Ես շատ եմ սիրում, օրինակ, ծաղիկներ՝ իրենց հոտերով: Ինձ աներևակայելի կերպով ոգեշնչում են նաև երեխաները: Նրանք միակ արարածներն են, որոնցից կարելի է անվերջ սովորել սիրել: Եթե սիրո զգացողությունը չլինի, անհնար է ստեղծել որևէ գեղեցիկ բան: Հետևաբար՝ ինձ ոգեշնչում են բնությունն ու երեխաները: Գիտե՞ք, իմ երեխաներից ես սովորում եմ սիրել: Կյանքը մեզ անդադար դնում է ինչ-որ անհասկանալի դժվարությունների մեջ, բայց հենց երեխաներն ու բնությունն են, որ մեզ պահում են բալանսի և ներդաշնակության մեջ:
– Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ կենցաղային իրը կարող է դառնալ արվեստի գործ կամ գեղեցիկ զարդ:
– Ես մեկ ամիս աշխատել եմ զարդերի խանութում, հետո՝ ինչ-ինչ պատճառներով դուրս եկել այնտեղից: Բայց ժամանակի հետ անընդհատ հասկանում էի, որ թեկուզ տանը նստած, բայց ուզում եմ զարդեր պատրաստել, իսկ ավելի ճիշտ՝ ստեղծել: Առաջին բանը, որ ընկավ ձեռքիս տակ, կենցաղային իրերն էին՝ դանակ, գդալ, թեյի բաժակների համար նախատեսված տակդիրներ, և այլն: Քեռուս կինը մի առիթով ասաց, որ գեղեցիկ գդալներ ունի և կուզենար դրանք ինձ նվիրել: Ասացի՝ այո, ինչո՞ւ ոչ, և վերցրեցի: Այդ գդալներն այնքան գեղեցիկ էին ու այնքան ոգեշնչեցին ինձ, որ ես սկսեցի դրանք զարդերի վերածել: Թեև պետք է ասեմ, որ դրանցից զարդեր ստեղծելու մտքին ես եկա միայն մի քանի ամիս անց: Ուղղակի մի օր վերցրեցի դրանք, շոշափեցի, զգացի, ու երևակայությանս հետ ինչ-որ տարօրինակ բաներ կատարվեցին:
– Ինչպե՞ս է անցնում կենցաղային իրերից դեպի զարդ դառնալու ճանապարհը:
– Կենցաղային իրին զարդի տեսք տալու ճանապարհը շատ երկար է: Ամեն դեպքում դրանց պետք է հանել կենցաղային ընկալումներից և տանել դեպի արվեստի գործ դառնալու ճանապարհով՝ շքեղացնելով կամ նրբացնելով դրանք: Ես միաժամանակ կարող եմ մի քանի զարդերի վրա աշխատել, բայց երբ գալիս է այս կամ այն զարդն ավարտուն տեսքի բերելու ժամանակը, ես կենտրոնանում եմ միայն մեկ իրի վրա: Մի գաղտնիք պետք է բացահայտեմ: Ես իմ զարդերը ստեղծելու համար օգտվում եմ միայն մեկ գործիքից, հիմնականում աշխատում են միտքս ու մատներս:
Իհարկե, կարող եմ նաև այլ գործիքներ օգտագործել, բայց այդ միակ գործիքը, որից ես օգտվում եմ, ինձ ոչ թե սահմանափակում է, այլ կանգնեցնում է շատ ու շատ խնդիրների լուծման ուղիներ որոնելու ճանապարհին, իսկ ես սիրում եմ հաղթահարել անհաղթահարելի թվացող ստեղծագործական խնդիրները: Ստացվում է, որ օգտագործելով միայն մեկ գործիք, ես ստիպված եմ լինում մաքսիմում ազատություն տալ երևակայությանս՝ հույս դնելով մատներիս ճկունության վրա: Այդ ճանապարհն է, որ շատ հետաքրքիր է դարձնում արդեն զարդի վերջնական տեսքը:
– Ի՞նչն է ձեզ համար կարևոր այդ ճանապարհին:
– Ինձ առաջնորդում է գույնը: Եթե որևէ իրի վրա ես տեսնում եմ ինձ դուր եկած գույնը, ապա, ինչ էլ որ իրենից ներկայացնի այդ իրը, կարող է դառնալ զարդ: Այս իմաստով ամենատարօրինակ իրը, որից ես զարդ եմ պատրաստել, սունկն է եղել, սովորական կերակրի սունկը, բայց չորացրած վիճակում: Մի օր խանութում աչքովս ընկան իմ ամենասիրելի երկու գույնի սնկեր՝ մուգ մանուշակագույն և տերակոտա: Այնքան թանձր գույներ ունեին դրանք, որ ես միանգամից գնեցի: Անցավ ժամանակ, և մի օր դրանք դարձան կրծքազարդ և հովհար: Ունեցել եմ նաև մամուռից պատրաստված հետաքրքիր զարդեր:
– Սահմանափակվում եք միայն զարդե՞ր պատրաստելով, և հետաքրքիր կլիներ իմանալ՝ ովքե՞ր են ձեր հաճախորդները:
– Ոչ, պատրաստում եմ նաև աքսեսուարներ, պայուսակներ, հովհարներ և այլն: Առաջիկայում տեսականին ընդլայնելու նպատակներ ևս ունեմ, բայց այդ մասին դեռ վաղ է խոսել, թեև աշխատանքներն արդեն սկսված են: Ամեն աշխատանքից մեկ կամ երկու օրինակ եմ պատրաստում: Գիտե՞ք, հաճախորդների հարցն ինձ էլ հետաքրքրել է: Ես նկատել եմ, որ ինձ մոտից զարդեր են գնում միայն մեկը մյուսից հետաքրքիր մարդիկ: Ոչ մի սովորական գնորդ դեռևս չեմ հանդիպել: Կա նաև այնպիսի գնորդ, ով արդեն ունի իմ աշխատանքների հավաքածուն՝ մոտ 80 աշխատանք: Դեռևս խանութ-սրահ չունեմ, բայց իմ ստեղծած յուրաքանչյուր զարդ պաշտպանված է հեղինակային իրավունքով:
Դրանցից մի քանի օրինակներ կարելի է հանդիպել քաղաքի զարդերի լավագույն խանութ-սրահներում: Սովորաբար իմ զարդերը ֆեյսբուքյան էջում հայտնվելուց անմիջապես հետո վաճառվում են: Կան նաև այնպիսի աշխատանքներ, որոնք ես չեմ վաճառում՝ հետագայում ցուցահանդեսներին ներկայացնելու համար, թեև երկու ցուցահանդես-վաճառք արդեն ունեցել եմ: