«Պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք հակառակորդին ռազմական ճանապարհով ԼՂ հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը»․ Սերժ Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Այս մասին ասել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է:
«Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաև՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող: Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը` նշելով, որ հենց այդ պատճառով էլ հայկական բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Նա նշել է, որ Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են:
«2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»,- հավելել է նա: