
Ինչպե՞ս է Մեսսին օգնում Դեմբելեին՝ հարմարվել թիմին

Ուսման Դեմբելեն, ով ամռանն է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», դեռևս ամբողջությամբ չի հարմարվել իր նոր թիմին: Սրա պատճառը ֆուտբոլիստի ստացած վնասվածքներն են: Հիմա կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ավելի շատ է վստահում երիտասարդ ֆուտբոլիստին:
Դեմբելեի՝ կատալոնական ակումբում հարմարվելուն խանգարեցին նաև մամուլի ճնշումները:
Երիտասարդ ֆուտբոլիստի երկրորդ վնասվածքից հետո, երբ Դեմբելեն արդնե մարզվում էր հիմնական թիմի հետ, համացանցում տարածվում էր տեսանյութ կատալոնական ակումբի մարզումից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է թիմի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին ծափահարում և ոգևորում Դեմբելեին, ով կարողացել էր անցկացնել գնդակն Ալբայի ոտքերի արանքով:
Իսպանական մամուլը, ուշադրություն դարձնելով նմանատիպ դրվագներին, նշում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը պարբերաբար ոգևորում է Դեմբելեին՝ օգնելով նրան հարմարվել թիմում: Իսպանական հեռուստատեսություններից մեկն էլ ցուցադրել էր կարճ հոլովակ, որտեղ երևում էր, թե ինչպես է Մեսսին դաշտում օգնում Դեմբելեին «Չելսիի» հետ խաղի ժամանակ: Մեսսին ցույց էր տալիս Դեմբելեին, թե որ կողմ է պետք շարժվել, ինչպես փոխել դիրքը, և այլն: Սա շատ օգնեց Դեմբելեին, քանի որ նա առաջին գոլը խփեց կապտանռնագույնների կազմում և անցկացրեց իր լավագույն խաղը նոր թիմում:
Սիրարփի Աղաբաբյան