
Պուչդեմոնը պատրաստ է Մադրիդի հետ բանակցել իր վերադառնալու շուրջ. Le Temps

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը պատրաստ է բանակցել Մադրիդի հետ եւ կարծում է, որ Իսպանիա իր վերադարձը կդառնար երկրում քաղաքական կյանքի նորմալացման եւ ժողովրդավարության վկայությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, նա հայտարարել է Le Temps շվեյցարական թերթին տված հարցազրույցում։
Պուչդեմոնը նախօրյակին մասնավոր այցով ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Մարդու իրավունքներին նվիրված միջազգային փառատոնին ու համաժողովին: Երկրի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Բեռնը չի խոչընդոտի քաղաքական գործչի մասնավոր այցին, չնայած այն բանին, որ Իսպանիայում նրա նկատմամբ ձերբակալման օրդեր է գործում:
«Ես դրական պատասխան կտայի երկխոսության կամ բանավեճերի համար տարածություն ստեղծելու փորձերի վերաբերյալ ցանկացած առաջարկի: Ներկայիս հակամարտությունը կարող է լուծվել միայն այդ ճանապարհով, այլ ոչ թե 25 կամ 30 տարվա բանտային ժամկետներով, արտաքսմամբ կամ ստորացումներով»,-ասել է Պուչդեմոնը: Քաղաքական գործիչը նշել է, որ իրեն չի համարում Կատալոնիայի նախկին ղեկավարը եւ նույնիսկ դիմել է Իսպանիայի իշխանություններին, որպեսզի նրանք թույլատրեն Կատալոնիայի խորհրդարանին՝ ընտրելու կառավարության ղեկավար, սակայն Մադրիդն ամեն կերպ խոչընդոտում է դրան:
«Իմ վերադարձը լավ նորություն կդառնար ժողովրդավարության համար: Այն քաղաքական կյանքի նորմալացման հայտանիշ կդառնար: Քաղաքական խաղորդները պետք է խոսեն միմյանց հետ, մենք միշտ ցանկացել ենք դա: Տարօրինակ է, որ Իսպանիան բանակցություններ էր վարում ԷՏԱ ահաբեկչական խմբավորման հետ, որն սպանել է հարյուրավոր մարդկանց եւ վիրավորել հազարավորների, բայց չի կարողանում երկխոսություն վարել մեզ հետ՝ նրանց հետ, ովքեր ոչ ոքի չեն սպանել, այլ իշխանության են եկել քվեարկության ճանապարհով: Դա անընդունելի է»,-ասել է նա: