ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնել են, որ Brexit-ից հետո անցումային շրջանը կտևի 21 ամիս
ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո անցումային ժամանակաշրջանը կկազմի 21 ամիս, այսինքն՝ կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի վերջին:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ Brexit-ի շուրջ գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ մարտի 19-ին Բրյուսելում ելույթ ունենալով Brexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դեւիդ Դեւիսի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված էր բանակցությունների հերթական փուլի արդյունքներին։
«Մենք պայմանավորվեցինք, որ անցումային շրջանը կկազմի 21 ամիս՝ սկսած 2019 թվականի մարտի 30-ից, երբ Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը: Այդ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիան կկարողանա օգտվել ԵՄ-ի անդամի բոլոր իրավունքներից՝ մնալով միասնական շուկայի անդամ, բայց չի կարողանա մասնակցել Եվրամիությունում որոշումների ընդունման գործընթացին»,-ասել է Բառնիեն:
Ավելի վաղ կողմերը նաեւ պայմանավորվել են, որ Լոնդոնը կշարունակի ԵՄ-ի բյուջե մուծումներ կատարել մինչեւ 2020 թվականի վերջը: