«Զարուհի Փոստանջյանը խորհրդի կազմում էր, երբ որոշում է կայացվել Անահիտ Բախշյանին նոմինացնել. որևէ մեկը չի հիշում, որ Զարուհին ընդվզած լիներ դրա դեմ». Ստյոպա Սաֆարյան

«Չեմ համարում, որ Զարուհու հակադարձումը կապ ունի այն բանավեճի հետ, որը «Ելքը» և «Երկիր Ծիրանին» ունեն կոնկրետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։

«Չեմ ասում, թե «Ժառանգության» կազմում տոտալիտարիզմ է եղել, արգելված է եղել տեսակետ ունենալ Վազգեն Սարգսյանի գործունեության հակասական և հերոսական կողմերի վերաբերյալ, բայց, համենայնդեպս, կուսակցության վերաբերմունքը եղել է գնահատանքի վերաբերմունք Վազգեն Սարգսյանի՝ ազատամարտում ունեցած ներդրման կապակցությամբ, և ինձ համար անակնկալ է այն վերաբերմունքը, որ ունեն Զարուհին և իր թիմակիցները՝ կոնկրետ Վազգեն Սարգսյանի անձի նկատմամբ»,- ասաց Սաֆարյանը։

Նա նշեց, որ «Ժառանգությունը» 1995թ. ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ գնահատականներ տվել է, բայց ոչ ամենևին՝ Վազգեն Սարգսյանի վաստակը ոչնչացնելու հաշվին. «Ինձ համար շատ զարմանալի է Զարուհու ներկայիս պահվածքը, որովհետև նախկինում ոչ մի հրապարակային ելույթում կամ մեր դիրքորոշումներում նման վերաբերմունք չի եղել, փորձ չի արվել Վազգենին հակադրել ազատամարտի հետ։ Այս առումով, անկեղծ ասած՝ և՛ անակնկալ է, և՛ չեմ կարծում, որ Վազգենի անձը պետք է բերել Մարտի 1-ի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանի քննարկման դաշտ։

Եթե «Երկիր Ծիրանին» դա է հաշվարկել, ապա վատ է, որովհետև ստացվում է, որ Մարտի 1-ի խնդիրը մի կողմ են թողել և քննարկում են Վազգենի կերպարն ու Հոկտեմբերի 27-ը։ Ես ուզում եմ հասկանալ՝ եթե «Երկիր Ծիրանին» ուզում էր այս խնդիրը լուծել, ապա ինչո՞ւ այս տեխնոլոգիան կիրառեց, չէ՞ որ հիմա այլևս այդ խնդիրը չի քննարկվում, խնդիրը բացարձակապես այլ դաշտ է տեղափոխվել, բերում են անցյալի խնդիրներ, որոնց կապակցությամբ Զարուհու և «Երկիր Ծիրանիի» դիրքորոշումներն անակնկալ են»։

Երևանի ավագանու այսօրվա նիստում Զ. Փոստանջյանն իր նախկին թիմակից Անահիտ Բախշյանին մեղադրեց, որ նա «արյունոտ ձեռքեր» ունեցող Սերժ Սարգսյանից մեդալ է վերցրել:

Ստյոպա Սաֆարյանը պարզաբանեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել, և ինչպես է Անահիտ Բախշյանը ստացել այդ մրցանակը. «Հանրապետության նախագահի նստավայրից պաշտոնական առաջարկ է եղել կուսակցությանը՝ ընտրելու այն կին գործչին, որը լավագույնս է դրսևորել իրեն։ Գաղտնիք չի եղել, որ և՛ օրենսդիր գործունեության ակտիվությամբ, և՛ քաղաքացիների խնդիրներին արձագանքելու, և՛ այլ առումներով Անահիտ Բախշյանը եղել է լավագույնը։ Ամեն տարի մենք հրապարակել ենք հաշվետվություններ այդ մասին։ Կուսակցության ներսում, վարչության կազմով, որի մեջ մտնում էր նաև Զարուհին, որոշում է կայացվել Անահիտին նոմինացնել։ Հիմա, ներեցեք, մի փոքր հասկանալի չէ, որ, եթե նախկինում այս հարցը մեծամասնության որոշումով ընդունել ենք՝ առանց որևէ սկանդալի, առանց որևէ նման հայտարարություների, այժմ հանկարծ Զարուհին Անահիտ Բախշյանին հիշեցնում է դրա մասին։

Ճիշտն ասած՝ արդար չէ, որովհետև առաջարկը եղել է կուսակցությանը, կուսակցությունը որոշել է, Րաֆֆի Հովհաննիսյանը անվերապահ կողմ է եղել, մենք բոլորս կողմ ենք եղել, որ Բախշյանը մեր համեմատությամբ իր առավել ակտիվության դիմաց ստանա մրցանակ։ Անահիտ Բախշյանն արդարացիորեն ստացել է նաև ԱԺ նախագահի պատվոգիր, ի՞նչ կապ ունի դա։ Անահիտ Բախշյանը ոչ միայն մեր խմբակցությունում, այլև ամբողջ խորհրդարանում եղել է առաջատար պատգամավորներից մեկը.  ի՞նչ կրիմինալ կա, որ նա ստանա մի մրցանակ, որին արժանի էր ինքը»։

Ստյոպա Սաֆարյանը նկատեց՝ այդ պատմությունն ի՞նչ կապ ունի Մարտի 1-ի զոհերի հուշարձանի հետ, ինչո՞ւ է հիմա դա արվում, այն էլ՝ դա բերվում է աղավաղված.

«Անահիտ Բախշյանն ինքը չի այդ որոշումը կայացրել, այդ որոշումը կայացվել է կուսակցության մակարդակով, Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կողմ է եղել դրան, և մենք բոլորս գիտակցել ենք, որ ամենապրոֆեսիոնալ խորհրդարանական աշխատանք կատարում է Անահիտ Բախշյանը։ Ի՞նչ կա այդտեղ։ Որևէ մեկը չի հիշում, որ Զարուհին ընդվզած լիներ դրա դեմ, նույն հաջողությամբ կուսակցությունը կարող էր նոմինացնել Զարուհուն կամ Լարիսա Ալավերդյանին։ «Ժառանգություն» խմբակցությունն այնքան տարբերվող է եղել, որ բոլորն են արժանի եղել գնահատանքի։ Ես չգիտեմ՝ Զարուհին իր ներսում ինչպես է ընդունել դա, Րաֆֆի Հովհաննիսյանի ընդունելի լինելն այնքան մեծ է եղել, որ որևէ մեկը չի հակադրվել, Զարուհու կողմից հակադրություն էլ չի եղել»։

Տեսանյութեր

Լրահոս