
Գրուդինինը «կեղտոտ» է որակել նախագահական ընտրությունները

ՌԴ Կոմկուսից Ռուսաստանի նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը հայտարարել է, որ ճանաչում է Վլադիմիր Պուտինի հաղթանակը, թեեւ ընտրությունները համարում է համաշխարհային ստանդարտներին չհամապատասխանող, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Միանգամից ձեզ կասեմ, որ բացարձակապես համոզված եմ, որ գործող նախագահը հաղթել է: Ես բացարձակապես համոզված եմ, որ այդ հաղթանակը եղել է: Բայց այն, ինչ նախընտրական արշավի ընթացքում արվեց չինովնիկների, իշխանությունների, այդ թվում՝ ԶԼՄ-ների կողմից, թույլ են տալիս ինձ ասելու, որ դրանք կեղտոտ ընտրություններ էին:
«Դրանք ընտրություններ էին, որոնք չեն համապատասխանում համաշխարհային չափորոշիչներին»,-լրագրողներին ասել է Գրուդինինը՝ մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում: ՌԴ ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունների ընթացքում լուրջ գանգատներ չեն գրանցվել: