Լարված մթնոլորտ՝ Երևանի ավագանու նիստում. «Ելքի» և ԵԾ-ի անդամները փոխադարձ վիրավորանքներ հնչեցրեցին
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի դեպքերին:
«Այսօր մեր քաղաքի կառավարումը զավթել են մարդիկ, որոնցից մեկի հայրը նշածս գործողության հեղինակն է եղել, երկրորդի ամուսինը սպանվել է, երրորդի քավորն է սպանվել, այսօր այդ մարդիկ համագործակցում են այս հանցավոր իշխանությունների հետ, նրա մի մասն են կազմում և ծառայում են դրան: Մի՞թե այդ մարդիկ այդ ամենից հետո պետք է գնային և մեդալ վերցնեին, և ոչ թե՝ թքեին Սերժ Սարգսյանի ճակատին և ասեին՝ դու սպանեցիր իմ ամուսնուն»,- հայտարարեց Մ. Խաչատրյանը՝ նշելով, որ «Ելքի» անդամենրը վաճառել են իրենք իրենց:
Նա հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամն իրենցից գաղտնի է մարտի 8-ին նվեր քարտ վերցրել ու դարձել իշխանության հաճախորդը:
«Ելքի» անդամները տեղից բղավում էին՝ «կոյուղաջրերի թագուհի»: Երբ Մ.Խաչատրյանը հայտարարեց, որ ԵԾ-ն առողջ օրգանիզմ է, «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բղավեց. «Առողջ չեք, փչացած եք»: