Բաժիններ՝

Ադրբեջանի կառավարությունը բարձրացնում է կենսաթոշակային տարիքը

Ադրբեջանի կառավարությունը ծանր վիճակում գտնվող պետական բյուջեի սոցիալական ծախսերը կրճատելու նպատակով բարձրացնում է կենսաթոշակային տարիքը՝ չնայած քաղաքացիների կյանքի տևողության կրճատմանը: Ադրբեջանցի փորձագետները համեմատել են Ադրբեջանում և Վրաստանում մարդկանց կյանքի տևողությունը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում կյանքի տևողությունը շատ ավելի ցածր է, քան Վրաստանում: Վրաստանում յուրաքանչյուր հազար մարդուց 34-ի տարիքը 80 տարեկանից բարձր է, իսկ Ադրբեջանում` հազարից 13-ինը:

2017 թ. պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` Վրաստանում, որն ունի 3,7 մլն բնակչություն, 80 տարեկանից բարձր տարիք ունեցողների թիվը կազմում է 127 հազար, իսկ Ադրբեջանի 9,8 մլն բնակչության մեջ 80 տարին անց մարդկանց թիվը կազմում է 129 հազար:

Ըստ փորձագետների, բնակչության կյանքի տևողությունը կախված է մի շարք սոցիալական և տնտեսական գործոններից, ինչպիսիք են սոցիալ-հոգեբանական միջավայրի առանձնահատկությունները, բնական եւ կլիմայական գործոնները, առողջ ապրելակերպը, առողջապահական համակարգի որակը, աշխատանքային պայմանները եւ այլն:

Ընդհանուր առմամբ, խոսքն այն կարևոր ցուցանիշների մասին է, որոնք արտացոլում են բնակչության կյանքի որակը: Ադրբեջանի այս ցուցանիշները խոսում են հենց այդ կողմերի թերի կամ բացակա լինելու մասին: Գիտնականները կարծում են, որ մարդու կյանքի միջին տևողությունը կարող է կազմել 110-115 և նույնիսկ 120-140 տարի: Այնուամենայնիվ, շատ կենսաբանական եւ սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը հանգեցնում է այս ցուցանիշի զգալի նվազմանը:

Ադրբեջանցի տնտեսագետ Ռովշան Աղաևի փոխանցմամբ` կյանքի տևողության ցածր ցուցանիշը միևնույն ժամանակ կենսաթոշակային համակարգին ապահովագրում է որոշակի ֆինանսական ռիսկերից:

Օրինակ, Վրաստանում կենսաթոշակային համակարգի ծանրաբեռնվածությունը պայմանավորված է մեծ թվով կենսաթոշակային տարիքի քաղաքացիներով `64 տարեկանից բարձր մարդիկ կազմում են երկրի բնակչության 15 տոկոսը:

«Ադրբեջանում կենսաթոշակառուների թիվը կազմում է բնակչության 6,3 տոկոսը: Միևնույն ժամանակ, չնայած ծնելիության մակարդակի աճին, երկրում մեծացել է 65-ից բարձր տարիքայինների մահացության թիվը»,-նշել է տնտեսագետը:

Հատկանշական է, որ 2017 թվականի հուլիսի 1-ից Ադրբեջանում ուժի մեջ է մտցվել «Աշխատանքի և կենսաթոշակների մասին» նորացված օրենքը, ըստ որի, տղամարդկանց կենսաթոշակային տարիքը 4 տարվա, իսկ կանանց տարիքը 10 տարվա ընթացքում պետք է հասցվի 65 տարեկանի:

«Այս ամենի հիմնական պատճառը ֆինանսական անհրաժեշտ միջոցների բացակայությունն է»,- հավելել է Աղաևը:

Մինչ այս փոփոխությունը 2010-2012 թվականների ընթացքում Ադրբեջանում տղամարդկանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 62-ից բարձրացվել էր 63,5-ի, իսկ 2010-2016 թվականներին կանանց կենսաթոշակային տարիքը 57-ից բարձրացվել էր 60-ի:

2000-2010 թվականների ընթացքում ծերության կենսաթոշակ ստացողների թիվը ամեն տարի միջինը 12 հազարով ավելացել է, իսկ 2010-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում ամեն տարի միջինը 10 հազարով պակասել:

Կառավարությունը մտածում է նաեւ ուժային կառույցներում ծառայողների կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին:

Նախորդ տարվանից սկած նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանի պետական բյուջեն հայտնվել է խորը ճգնաժամում:

Ադրբեջանի կառավարությունը կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ որոշմամբ ցանկանում է սոցիալական ծախսերը կրճատելու միջոցով փրկել առանց այն էլ ծանր վիճակում հայտնված պետական բյուջեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս