«Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ». Թուրք մտավորական
Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները:
Արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին խոսելիս` Բադեմն ընդգծել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգում:
«ԱԶԿ-ական իշխանությունը, կոծկելով իր իրական դեմքը, խաբել է Եվրամիությանը (ԵՄ) և լիբերալներին: Հունաստանի և Հայաստանի կառավարությունները, որոնք քեմալիզմը համարում են իրենց թշնամի, իսլամիստների հարցում կարծեք թե ազնիվ ակնկալիքներ ունեին: Արդյունքը բոլորի համար հիասթափեցնող եղավ: Նկատենք, որ իսլամիստական յուրաքանչյուր շարժման վերջնարդյունքը միշտ եղել է բռնապետությունը: Այժմ, երբ իսլամիստական ֆաշիզմը ձեռք է գցել բոլոր հաստատությունները, հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգացվում ո՛չ լիբերալների, ո՛չ ալևիների, ո՛չ քրդերի և ո՛չ էլ Հայաստանի հետ: Սակայն բռնապետությունը բարդ իրավիճակում հայտնվելու դեպքում հնարավոր է կրկին սքողի իրական ինքնությունը»:
Ermenihaber.am-ի այն հարցին, թե արդյոք ԱԶԿ-ի և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) համագործակցությունն ազդել է ցյուրիխյան արձանագրությունների հարցում ԱԶԿ-ի քաղաքականության վրա, Բադեմը նշեց.
«Այո, համագործակցությունն ազդել է, բայց ոչ էականորեն: Թուրքիայում իսլամիստներն ազգայնական են, ազգայնականներն էլ իսլամիստ են: Նրանց միջև էական տարբերություն չկա»:
Անդրադառնալով հարցին, որ Թուրքիան մինչև այսօր արձանագրությունների չեղարկմանը պաշտոնապես չի արձագանքել՝ Բադեմը մեկնաբանեց. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ: Եվ չի լինելու առնվազն մինչև ընտրություններ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: