«Ցանկացած պետության քաղաքացիությունը կապված չէ ազգության հետ». Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի և արտաքին գործերի նախարարի տարբերությունը կայանում է միայն մի բանում` հաշվի առնելով, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոն է, դրանով պայմանավորված՝ նա ունի տարբերվող լիազորություններ, որոնք չունեն այլ գերատեսչությունների գլխավոր քարտուղարները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ նախարարության գլխավոր քարտուղարի լիազորություններն ավելի մեծ են, և այն հակակշիռ է դառնալու նախարարին:
Շ.Քոչարյանը հերքեց շրջանառվող մեկ այլ լուր, որ Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ինչ ասես՝ խոսում են, իսկ իրականությունը լրիվ ուրիշ է լինում»:
Ռուսաստանում երեկ կայացած ընտրությունների ժամանակ ազգությամբ հայ քաղաքացիների ակտիվությունը փոխնախարարը բնական համարեց և հայտարարեց, որ դա ՀՀ իշխանության շնորհիվ չի եղել: Շ.Քոչարյանը նշեց, որ Հայաստանում էլ ազգությամբ ոչ հայ ՀՀ քաղաքացիներ են մասնակցում ընտրություններին.
«Մենք որևէ տարբերակում չենք դնում: Մեր համար ցանկացած ազգությամբ մարդ, որ ՀՀ քաղաքացի է, ՀՀ քաղաքացի է: Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը պետք է սիմետրիկ լինի նաև այլ քաղաքացիների նկատմամբ: Ցանկացած պետության քաղաքացիությունը կապված չէ ազգության հետ»: