
«Պարտավորված ենք զգում և հնարավորինս կանենք՝ ձեզ օգնելու և ավելի սահուն դարձնելու եվրոինտեգրման ճանապարհը». Մարեկ Ռոցկի

«Առաջին անգամ մեր հանձնաժողովները համատեղ աշխատեցին ընդհանուր օրակարգի շուրջ»,- այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով արդյունքները:
Նա կարևորեց, որ համատեղ նիստը տեղի ունեցավ նաև Ցեղասպանության հարյուրամյակի շրջանակում, Լեհաստանում հայկական բնակչության 650-ամյակի տոնակատարություններից հետո: Նա նշեց, որ համատեղ աշխատանքը վերաբերում էր կոնկրետ մի շարք կարևոր հարացերի` Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը լեհական խորհրդարանում, տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, մասնավորապես` ԼՂ հակամարտության կարգավորմանը, նաև քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ռեժիմի բանակցությունների քաղաքական մեկնարկի հարցը. «Շատ հետաքրքրված ենք լեհական փորձով խորհրդարանական վերահսկողությամբ կառավարության հանդեպ` հաշվի առնելով ՀՀ խորհրդարանական կառավարման անցումը»:
Ա.Աշոտյանը նշեց, որ նիստի արդյունքներով ստորագրել են եզրափակիչ բանաձև, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա ԼՂ հակամարտությանը, հայ-լեհական հարաբերություններին:
Լեհաստանի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին կարևորեց երկկողմ մանրամասն հետազոտումն ու ճանաչումը տվյալ պետության ներսում տարբեր գործողությունների առնչությամբ, որը թույլ է տալիս զարգացնել երկկողմանի հարաբերությունները և իրավիճակը ճիշտ ներկայացնել միջազգային հարթակում. «Շատ կարևոր է, և գնահատված ենք մեզ զգում, երբ մեր հայ գործընկերները Լեհաստանն են ընտրել՝ որպես փորձի փոխանակման արդյունք: Պարտավորված ենք զգում և հնարավորինս կանենք՝ ձեզ օգնելու և ավելի սահուն դարձնելու եվրոինտեգրման ճանապարհը: Շատ ուրախ ենք և աջակից ենք և պարտավորված ենք զգում մեզ այն հարցում, որպեսզի ՀՀ-ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը է՛լ ավելի հաստատի և խորացնի ԵՄ-ի հետ հարաբերությունները»: