«Մենք Նիկոլի հետ այդ հարցը քննարկել ենք». «Հանուն Հայաստան պետության» ճակատն ընտրել է խաղաղ պայքարի ձևը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելքը» մտահոգություններ ունի։

«Մենք ունենք մի շարք խնդիրներ, նախապայմաններ՝ կապված ընդհանուր դաշտի հետ, և այդ պայմաններից կարևորագույնը ոչ բռնի քաղաքացիական պայքարի սկզբունքն է, և այնպիսի ոչ բռնի քաղաքացիական պայքարը, որը նույնիսկ բռնությանը բռնությամբ չի պատասխանում»,- ասել է նա։

168.am-ի հետ զրույցում «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ, ինչպես բազմիցս հայտարարել են՝ իրենք ընտրել են խաղաղ պայքարի ձևը. «Ես մոտավորապես կռահում եմ, թե ինչ ելույթի մասին է խոսքը․այդ ելույթն ունեցել է ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը, որը ճակատի անդամ չէ։ Մեր ճակատը բազմիցս հայտարարել է, որ բացառապես խաղաղ ճանապարհով է պատկերացնում խաղաղ պայքարը։ Մենք ունենք ճանապարհային քարտեզի մեր պատկերացումը և կարծում ենք, որ լավ կլինի՝ դա լինի համընդհանուր ճանապարհային քարտեզ․ ամեն մի ուժ ունենա իր առաջարկը, որոնք պետք է փորձենք մեկտեղել, ոչ թե՝ դրանց միջոցով հեռանալ իրարից»։

«Հանուն Հայաստան պետութան» ճակատի գործողությունները համակարգող Պետրոս Մակեյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե Փաշինյանի հետ այդ մտահոգության վերաբերյալ ի՞նչ քննարկումներ են եղել, եկե՞լ են ընդհանուր հայտարարի, թե՞ ոչ, հնարավո՞ր էր, որ Փաշինյանը չմիանա ճակատի հետագա գործողություններին։

Կարդացեք նաև

«Նախ արձանագրենք, որ որևէ մեկը որևէ մեկին միանալու կամ չմիանալու խնդիր չկա։ Մենք օրակարգը ձևակերպել ենք, որը հետևյալն է՝ կանխել ռեժիմի հավերժացումը, վերարտադրությունը, և այս օրակարգի շուրջ ասում ենք՝ համագործակցենք մինչև ապրիլի 17-ը։ Սա է։ Ինչ վերաբերում է Նիկոլի մտահոգությանը, ապա մեր մեջ եղել է նման խոսակցություն, մենք իրար հետ կիսվել ենք հանդիպումների ժամանակ, և մենք համաձայն ենք Նիկոլի մոտեցման հետ, որովհետև ուժի կիրառումը, բռնությունը հատուկ է իշխանությանը։

Եթե ընդդիմության մտքով անցնի մտնել այդ դաշտ, բնականաբար, այդ դաշտում իշխանությունը միշտ հաղթող է դուրս գալու։ Վերջին 20 տարվա ընթացքում իշխանությունը բազմիցս սադրել է՝ ընդդիմության մեջ ներդնելով քաղաքացիական հագուստով ոստիկաններ, քրեական հանցագործներ և պրովոկացիա է արել, որպեսզի ուժ կիրառի։ Հիմա մենք Նիկոլի հետ այդ հարցը քննարկել ենք և միանշանակ կիսում ենք իր կարծիքը։ Ուղղակի առաջին հանրահավաքի ընթացքում ազատամարտիկներից մեկն էմոցիոնալ ելույթ ունեցավ, բայց ազատամարտիկներին կարելի է հասկանալ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ օրակարգի վերաբերյալ մինչև ապրիլի 17-ը նշեց, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո, ճակատում այդ հարցի վերաբերյալ քննարկումներ կա՞ն, նա այսպես պատասխանեց. «Ապրիլի 17-ը արձանագրում ենք, որովհետև այդ ժամանակ իրենց, այսպես կոչված, նոր Սահմանադրությամբ՝ խորհրդարանական մոդելով պետք է վարչապետ ու կառավարություն ներկայացնեն, ինչը փորձում ենք կանխել։ Եթե ժողովուրդը լինի հրապարակում, նա կպարտադրի իր վարչապետին, իր կառավարության կազմը։ Եթե ժողովուրդը չպարտադրի, հրապարակ չգա, կլինի այն, ինչ եղել է։ Մենք կշարունակենք աշխատել ժողովրդի հետ մինչև հաջորդ ֆորսմաժորային իրավիճակը»։

Տեսանյութեր

Լրահոս