
CBS News-ին հայտնի է դարձել ամերիկյան հետախուզության և ԿԺԴՀ-ի միջև «գաղտնի կապուղու» մասին

Միացյալ Նահանգների հետախուզական գերատեսչությունները ոչ պաշտոնական կապ են հաստատել Հյուսիսային Կորեայի հետ, որով հնարավոր է տեղեկատվության փոխանցում: Այդ մասին հայտնել է CBS News հեռուստաալքը՝ վկայակոչելով անունները չնշված ամերիկացի պետական պաշտոնյաների:
Ինչպես հայտնել են հեռուստաալիքի զրուցակիցները, այս ուղղությամբ գլխավոր ջանքերը գործադրում է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), գերատեսչությունը հանդես է գալիս տեղեկատվության փոխանակման անմիջական ուղու հաստատման օգտին:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն, որին վերջերս նախագահն առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում, հավանություն է տալիս այս տիպի «լուռ դիվանագիտությանը», որը վարում են գաղտնի ուղիներով՝ շրջանցելով ՄԱԿ-ի միջոցով Պետդեպարտամենտի հաստատած դիվանագիտական ուղին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: