Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան
Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 02-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Հունիսի 02-ից հուլիսի 02-ը, ինչպես նաև օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 03-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սույն թվականի փետրվարի 28-ին ընդունել էր Brussels Airlines ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էր ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը: